Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղից Արշակ Գոգորյանը, ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում, մասնակցել է Տեղական զարգացման խմբի (LAG) մրցույթին, և, շահել դրամաշնորհ, որով գնել է կարտոֆիլահավաք կոմբայն, սակայն գործնականում պարզվել է, որ դրա օգտագործումն Ախալքալաքի պայմաններում հարմար չէ և անշահավետ է:
Արշակ Գոգորյանը խոշոր ֆերմեր է, ապրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում։ Ստանալով 55 000 լարի դրամաշնորհ, ներդրել իր 35 000 լարին և 2019 թվականին գնել է կարտոֆիլահավաք կոմբայն և ցանքատար։ Նա ցանկանում էր հեշտացնել կարտոֆիլի բերքահավաքի գործընթացը և նվազեցնել Ախալքալաքի հիմնական բանջարեղենի ինքնարժեքը, սակայն նրա ակնկալիքները չարդարացան:
Ախալքալաքի մունիցիպալիտետում տարեցտարի ավելի է սրվում կարտոֆիլի բերքահավաքի խնդիրը։ Խնդիրը կայանում է նրանում, որ բերքահավաքի ծառայության արժեքը տարեցտարի աճում է, երբեմն դժվար է լինում նույնիսկ աշխատուժ գտնել։
«Նախանցյալ տարի փորձեցինք, լավ էր, անցյալ տարի, քանի դեռ անձրևներ չկար, մենք փորեցինք, հետո երբ անձրևները սկսվեցին, անհնար էր փորել, քանի որ կարտոֆիլը փչանում էր, և ես դադարեցի բերքահավաքը տեխնիկայով։ Դե իսկ այս տարի չկարողացա փորել, քանի որ 2,5 ամիս անձրեւներ չկային, հողը պինդ էր։ Կարտոֆիլը հավաքելու ժամանակ քանդիչը(կապատել) լղոզում է այն, բերքահավաքի ժամանակ կարտոֆիլը փչանում է, սևանում»,- ասում է Արշակ Գոգորյանը։
Նրա խոսքով, գնորդները մաքուր կարտոֆիլ են ուզում, իսկ այդպես կարտոֆիլը սևանում է, ուստի ինքը, միևնույն է, նախընտրում է հին տրակտորն օգտագործել առանց բերքահավաք տեխնիկայի։
«Մենք կարող էինք մեծ ագրեգատ գնել, բայց մեր հողերում դրանով աշխատել հնարավոր չէ, յուրաքանչյուր պտույտի ընթացքում պետք է լինի 15-20 մ ազատ տարածք, որպեսզի տրակտորը չմտնի ուրիշի հողատարածքներ, իսկ մեր հողերը բոլորը կողք-կողքի են»,- ասում է Արշակ Գոգորյանը։