Հուլիսի 13-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում բացվեց Սամցխե-Ջավախքի շրջանում յոթերորդ «ԱրՄաթը»: Արդեն մեկ ամիս է, գյուղում գործում է ինժեներական լաբորատորիան, իսկ երեկ այն պաշտոնապես բացվեց:
Օլավերդ գյուղի «ԱրՄաթ» հաճախում է 10-ից 18 տարեկան 44 երեխա: Սկզբում լաբորատորիա էին հաճախում նաև Գոման և Բուղաշեն գյուղերի աշակերտները՝ 4 երեխա, սակայն տրանսպորտի բացակայության պատճառով նրանք դադարել են հաճախել:
Խմբի ղեկավար Նելլի Խռոյանի խոսքով, երեխաներն արդեն հասցրել են սովորել «Աղվես» ծրագիրը, որի օգնությամբ նրանք ստեղծում են խաղեր ու անիմացիաներ:
Այս նախաձեռնությունն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Օլավերդում «ԱրՄաթ»-ի բացումը հնարավոր դարձավ գյուղի հովանավորների օգնությամբ, Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը շնորհավորեց գյուղացիներին լաբորատորիայի բացման կապակցությամբ:
«7 տարվա ընթացքում Հիմնադրամը, տարբեր հասարակական ոլորտները զարգացնելու նպատակով, Ջավախքում իրականացրել է շուրջ 100 նախագիծ: Եվ այդ նախագծերում հատուկ տեղ է գրավում ԱրՄաթ լաբորատորիաների ստեղծման նախագիծը: Եվ այսօր այն հասավ Օլավերդ, այն նաև հարևան գյուղերի համար է», – ասաց Սամվել Մկոյանը:
Նորարարական ինժեներական տեխնոլոգիայի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասաց, որ շատ զարգացած երկրներում չկա նման լաբորատորիաներ երեխաների համար:
«Գիտեք, որ Երևանի դպրոցների 90%-ը նման բան չունի: Ես դիմում եմ ծնողներին և երեխաներին, բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը: Կրթությունն անհրաժեշտ է բարգավաճման համար: Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրի մարդը, նրանց անհրաժեշտ են «ԱրՄաթ»-ի տված գիտելիքները: Մենք սովորեցնում ենք երեխաներին ծրագրավորում և ինժեներիա: Շնորհակալություն բոլոր հովանավորներին «ԱրՄաթ»-ին աջակցելու նպատակով միջոցներ գտնելու համար: Շնորհակալություն ՋԱՀ-ին, որ այս ծրագրին հավատաց, և մենք արդեն Ջավախքում ունենք յոթերորդ լաբորատորիան»,- ասաց Սեդրակ Վարդանյանը և Գրիգոր Տաշչյանին նվիրեց Մասիս սարի խորհրդանիշով կրծքանշան:
«Հարգելի օլավերդցիներ և հյուրեր, ես շնորհակալություն եմ հայտնում ՋԱՀ-ի ղեկավարներին, որ նրանք համաձայնեցին «ԱրՄաթ» բացել մեր գյուղում, ինչպես նաև իմ համագյուղացիներին, այս ծրագրին մասնակցելու համար, քանի որ իմ նպատակն էր նաև միավորել օտար երկրում ապրող բոլոր օլավերդցիներին: Այս ծրագիրը մեր երեխաների զարգացման համար է», – ասաց Գրիգոր Տաշչյանը:
«ՋԱՀ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը շնորհավորեց ներկաներին և Գրիգոր Տաշչյանին նվիրեց Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցին պատկերված նկար:
«Մեր կարգախոսն է «Մենք ավելի ուժեղ ենք միասին», որն արդեն գործում է Օլավերդում, և այս օրինակը կտարածվի Ջավախքի այլ գյուղերում էլ: Թող Սուրբ Նշանը պատկերող նկարը փակցվի Օլավերդի «ԱրՄաթ» լաբորատորիայում», – ասաց Սոս Սահակյանը:
Օլավերդ գյուղի երեխաներն ասմունքեցին, սակայն համերգը, որին պատրաստվել էին, չեղարկվեց, քանի որ գյուղում սուգ էր:
Այնուհետև ժապավենը կտրելուց հետո, Օլավերդի բնակիչները մտան շենքը, որտեղ համակարգիչների դիմաց նստած էին լաբորատորիայի աշակերտները:
Հյուրերը մոտեցան բոլորին և հետաքրքրվեցին լաբորատորիայի աշակերտների աշխատանքներով:
Դահլիճում իրենց աշխատանքներն էին ցուցադրում Ախալցիխեի, Ախալքալաքի, Դամալայի և Հեշտիայի «ԱրՄաթ» -ի սաները:
Նոր ուսումնական հաստատությունն օրհնեցին Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները: