Այսօր, փետրվարի 8-ին Զորի Զորյան երիտասարդական միության երիտասարդները այցելել են Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի հուշարձանին: Այդպիսով նրանք իրենց զորակցությունն են հայտնել բուղաշենցիներին:
Զորի Զորյան երիտասարդական միության պատասխանատու Արթուր Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա պատասխան քայլ էր Խորհրդարանի դիմաց անցկացված բողոքի ակցիային:
«Մեր երիտասարդները այցելեցին հուշահամալիր, որտեղ մեզ միացան նաև գյուղի բնակիչները: Սա պատասխան էր ադրբեջանցիների կողմից անցկացված բողոքի ակցիային: Եթե անհրաժեշտություն լինի մենք քայլեր կձեռնարկենք և կկանգնենք գյուղացիների կողքին», – ասաց Արթուր Օհանջանյանը:
Բուղաշենում տեղադրվեց ազատամարտիկի հուշարձանը
Բուղաշենցիների հպարտությունը միջէթնիկ երկպառակության առաջացման հիմք է դարձել
Բուղաշենի հուշարձանը քննարկման թեմա է դարձել խորհրդարանում
Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մի խումբ ազգությամբ ադրբեջանցիներ բողոքի ցույց անցկացրին: Նրանք պահանջում էին ապամոնտաժել Միքայել Ավագյանի հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացված կիսանդրին:
Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին:
Ցուցարարները նաև իշխող «Վրացական երազանքից» պահանջում էին պատասխանատվության ենթարկել թիմի այն անդամներին, ովքեր մասնակցել են կիսանդրիի վերաբացման արարողությանը:
Քաղաքացիական ակտիվիստ Թենգիզ Թխելավան և այլ ակտիվիստներ Խորհրդարանի դիմաց մի քանի անգամ նշեցին, որ տեղի ունեցածը սադրանք էր, որը արվել է Ռուսաստանի կողմից՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման նպատակով:
Ցույցին անդրադարձ եղավ նաև Մառնեուլիում ղարաբաղյան պատերազմի մասնակցի արձանի գոյությանը, որը ցուցարարները պարզաբանեցին՝ «նորմալ է, երբ արձան է կանգնեցվում իր երկրի տարածքային ամբողջականության համար պայքարող զինվորի, այլ ոչ թե սեպարատիստի պատվին»:
Բողոքի ցույցի մասնակիցների կարգախոսերն ու ուղերձները
«Անջատողականների և ծայրահեղականների պատվին արձան չեն կառուցում», «Այսօր Արցախը, վաղը՝ Ջավախեթին», «Ապօրինի արձանը պետք է անհապաղ ապամոնտաժվի», «Արձանների արժանի են միայն հերոսները», «Ավագյանի կիսանդրին դիվերսիա է»:
Ցույցին մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ախմեդ Իմամկուլիևը և այլք: