Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում Խոզապինի լճի մակերեսի մեծ մասը ծածկված է ջրաճահճային բուսականությամբ, լիճը շարունակում է ճահճանալ։
Խոզապինի լիճը գտնվում է վրաց-թուրքական սահմանին, լճի մի մասը Թուրքիայի կողմում է, իսկ մյուս մասը՝ Վրաստանի։ Անցյալ տարվանից բուսականությունն արդեն սկսել է հայտնվել լճի մակերեսին։ Դե իսկ այս տարի ծածկապատել է լճի մակերեսի մեծ մասը։ Սա վկակում է ճահճացման գործընթացի մասին: Հիմնականում այս պրոցեսների ընթացքում բուսածածկույթի մեռած մնացորդները, իջնում են լճի հատակը և լցնում ջրային ավազանը՝ ջրամբարը վերածելով ճահճի։
Լիճը գտնվում է Ջավախքի ազգային պարկի տարածքում։ Դեռ անցյալ տարի ազգային պարկի ներկայացուցիչներն ահազանգել էին լճի վիճակի մասին, քանի որ մտավախություն ունեին, որ ժամանակի ընթացքում լիճը կարող է ճահճի վերածվել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղական իշխանությունների, Ջավախքի ազգային պարկի, ոստիկանության, նահանգապետարանի և սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին, քննարկել էին Խոզապինի լիճը մաքրելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը հավաքվածները ընդհանուր հայտարարի էին եկել, որ սահմանապահները պետք է թույլ տան մարդկանց մտնել լիճ և հանել բոլոր ցանցերը՝ դրանով իսկ ճանապարհ բացելով ձկների համար։ Հետո որոշվել էր, որ և՛ Ազգային պարկը, և՛ սահմանապահները լճի խնդրի մասին պիտի զեկուցեին վերադասներին, իսկ հաջորդ հանդիպմանը կոնկրետ պիտի քննարկեին, թե ինչպես է կազմակերպվելու մաքրությունը։ Ինչ հաջորդեց տվյալ հանդիպմանը, կատարվեցին մաքրման գործընթացները և ինչ է պատրաստվում անել Ազգային պարկը, այս հարցերը Jnews-ը կփորձի պարզել։ Jnews-ը փորձեց նաեւ մասնագետներից պարզել, թե ինչից կարող է տեղի ունենալ լճի ճահճացում, եւ ինչ կարելի է անել այս փուլում լիճը փրկելու համար։
Խոզապինի լիճը, հոկտեմբերի 6, 2022 թ.
Խոզապինի լիճը 2019 թվականի ամռանը