Այսօր, փետրվարի 8-ին Դադեշ գյուղի մի խումբ բնակիչներ Ախալքալաքի քաղաքապետարան էին գնացել բողոքելու, թե ինչու հարևան գյուղերը գազաֆիկացված են, իսկ իրենցը՝ ոչ:
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղը մոտ 160 տնտեսություն ունի: Չնայած որ գյուղն այդքան էլ փոքր չէ, սակայն բնական գազը դադեշցիներին չի հասել:
Վերջին տարիներին գյուղը գազիֆիկացնելու ծրագրի մասին շատերն են խոսել, սակայն գործնական քայլեր այս ուղղությամբ մինչև հիմա չի կատարվել:
Դադեշցիները զարմանք են հայտնում, թե ինչով են իրենք տարբերվում հարևան գյուղերից, երբ դրանք գազիֆիկացված են, իսկ իրենց գյուղը՝ ոչ: Տարվա 7-8 ամիսների ընթացքում գյուղացիները փայտի և աթարի վառարաններ են օգտագործում՝ նոյեմբերի սկզբից մինչև մայիսի վերջ, քանի որ եղանակը խստաշունչ է:
«Մենք՝ Դադեշի բնակիչներս ուզում ենք գազ ունենալ: Թող գազը բերեն մեր գյուղ, ինչպես մյուս գյուղերը, այդպես էլ մենք: Մենք քաղաքապետարան եկանք, ասացին՝ գնացեք գազի ընկերությանը դիմեք: Ամեն տարի նույն բանն է, ասում են՝ կլինի: Մենք թանկի ու էժանի խնդիր չունենք, պատրաստ ենք 500-ի փոխարեն 700 լարի հավաքել, միայն թե գազը լինի: Որ գյուղ գնում ենք, բոլորը գազ ունեն, նորմալ ջեռուցում, տաք նստած են, կարճաթև վերնաշապիկներով ման են գալիս, իսկ ես 1500 լարի տալիս փայտ եմ գնում, տունը չի տաքանում, երեխաներս հիվանդանում են», – ասաց Դադեշ գյուղի բնակիչ Մնացական Ասլանյանը, ով իր համագյուղացիների հետ եկել էր Քաղաքապետարան բողոքելու:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները գյուղի գազիֆիկացման խնդրի մասին տեղյակ են, սակայն նրանք չեն կարող խառնվել մասնավոր ընկերության գործին:
«Գազ են ուզում, ես բացատրեցի որ տեղական իշխանությունը ոչ նման պարտականություն ունի, ոչ իրավունք և ոչ էլ ֆինանս: SJGC ընկերությունը պետք է անի, որովհետև ընկերությունը եկամուտ է ստանում: Ես տեղյակ եմ որ մինչև 2021 թիվը նախագիծ գոյություն ունի, որ երկրի բարձրլեռնային բնակավայրերն ամբողջովին գազաֆիկացվեն, թե ինչքանով կիրականացվի, ինչքանով՝ ոչ, ես չեմ կարող ասել»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Դադեշցիները քաղաքապետի հետ հանդիպումից հետո, որոշեցին գնալ SJGC ընկերութուն: Նրանք պատրաստվում են ամբողջ գյուղի անունից հավաքական դիմում գրել:
SJGC ընկերութան գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց.
«Ճիշտն ասած երբ դադեշցիները եկել էին ընկերություն, ես այդ ժամանակ տեղում չէի: Հեռախոսազանգով պայմանավորվեցինք, որ 4-5 հոգի իրենց գյուղից երկուշաբթի օրը կգան և կքննարկենք իրենց պահանջներն ու առաջարկները», – ասաց Ռազմիկ Ղումաշյանը:
Թե ի՞նչ ընթացք կստանա Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչների բողոք-պահանջը, պարզ չէ: Հստակ է մի բան, Դադեշում բնական գազի պահանջ կա:
Աղունիկ Այվազյան