Ջավախքցի գրեթե բոլոր ուսանողները թե ուսումնառության ընթացքում և թե ավարտելուց հետո բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերում՝ համագործակցելով տարբեր կազմակերությունների հետ: Տիգրան Թարզյանն ու Գոհար Աղջոյանը նրանցից են, ովքեր համագործակցելով ոչ կառավարական կազմակերպությունների հետ այս օրերին թրեյնինգներ են անցկացնում, որպեսզի օգնեն նախապատրաստական կուրսի ուսանողներին մասնագիտության ճիշտ ընտրության հարցում:

Տիգրան Թարզյանը «Երիտասարդները հանուն ժողովրդական փոփոխությունների» կազմակերպության ղեկավարն է, և «Սաֆարի» ոչ կառավարական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն ուսանողներին մասնագիտության ընտրության հարցում» նախագիծը։

Հանդիպումներ են անցկացվել Ախալքալաքում, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան, Իլիայի և Սամցխե Ջավախքի պետական համալսարանների նախապատրաստական կուրսի ուսանողների հետ։

Թրեյնինգավար Գոհար Աղջոյանն ասում է՝ ամենապահանջված մասնագտություններն են՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, դպրոցներում չկան նաև հոգեբաններ, ինչպես նաև շրջանում ամենազարգացող ոլորտներից մեկում գյուղատնտեսության մեջ չկան մասնագետներ, և ցավալին այն է, որ դիմորդներ նույնպես չկան:

gohar handipum

«Այսօրվա մեր Ջավախքի իրականությունը ցույց է տալիս, որ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակում են շատ միանման մասնագիտություններով, օրինակ՝ իրավաբանություն, ծրագրավորում, տնտեսագիտություն, որոնք իրենք համարում են «պրիստիժային»: Նրանք անգամ տեղեկություն չունեն, թե հետագայում կկարողանան իրենց ընտրած մասնագիտությունով աշխատել իրենց շրջանում, թե՝ ոչ։ Իհարկե, կան մեր մեջ լավ իրավաբաններ, ուսուցիչներ, սակայն դա սովորողների ընդամենը 2 տոկոսն է կազմում։ Մնացածը հետ վերադառնալուց հետո Ջավախքում աշխատանք չեն գտնում, և ուզած-չուզած աշխատում են դպրոցներում», – ասում է Գոհարը։

Վերջինս նշում է, միանման մասնագիտության ընտրությունն էլ իր պատճառներն ունի:

«Ամենառաջանային պատճառը կարող ենք համարել այն, որ օրինակ, ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետները էթնիկ մեծամասնությունների համար անվճար է, իսկ էթնիկ փոքրամասնությունների համար վճարովի է։ Ներկա դրությամբ երիտասարդները փորձում են մեկը մյուսից տեղեկություն իմանալ մասնագիտությունների մասին, և հետևելով միմյանց ընտրում են նույն մասնագիտությունները»։

Գոհարը շեշտադրում է այն, որ ծնողները նույնպես թելադրում են, թե երեխաներն ինչ մանագիտություն ընտրեն, հիմնականում աղջիկների դեպքում են նման դեպքերը շատ, երբ ընտրում են ուսուցչի կամ բուժաշխատողի մասնագիտությունը։

«Ես շատ գյուղերում եմ եղել, բազմաթիվ երեխաների հետ եմ շփվել, նրանք հիմնականում ասում են, որ ուզում են ընտրել ուսուցչի մասնագիտությունը, որպեսզի գյուղ վերադառնալիս, գյուղում ամուսնանալիս գոնե դպրոցում աշխատանք ունենան»:

Թրեյինինգների ընթացքում հիմնականում շեշտը տրվել է այն մասնագիտությունների և մասնագետների պակասի վրա, որի պահանջարկը զգացվում է Ջավախքում։

Գոհարն ու Տիգրանը թրեյինինգներից հետո կապը պահպանում են յուրաքանչյուր ուսանողի հետ, փորձում օգնել յուրաքանչյուր հարցում, տրամադրում տեղեկություն այն մասնագիտությունների վերաբերյալ, որոնք տարածված և պահանջված չեն երիտասարդների կողմից, սակայն անհրաժեշտ են։

Թրեյինգներից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց պատմությունը, մասնագիտություն ընտրելու իրենց անցած ուղին։