Կրթության և գիտության նախարարությունն աշխատում է երկլեզու ուսուցման համար նախատեսված դասագրքերի վրա, որպեսզի կրթության որակը բարձրանա: Այս մասին տեղեկացրեց Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն Ախալքալաքի շրջան կատարած այցի ժամանակ:

jnews.ge լրատվականի հարցին երկլեզու կրթական ծրագրի խնդիրների և դրա հնարավոր փոխարինման մասին կրթության և գիտության նախարարը պատասխանեց:
«Բիլինգվալ կրթության քաղաքականությունն արդեն մշակված է: Մենք բացահայտում ենք խնդիրը, որը գոյություն ունի դասագրքերում, մոնիտորինգ ենք անցկացնում, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ խնդիրներ: Եվ այդ ամենը վերանայվում է նոր դասագրքերում և ծրագրում»,- ասաց Թամար Սանիկիձեն:

Երկլեզու կրթական համակարգը գործում է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում: Կրթական այս մեթոդը ներդրվեց 2011 ուսումնական տարում, որը ենթադրում է դասապրոցեսը անցկացնել երկու լեզվով: Մասնավորապես Ջավախքի դպրոցներում հայերեն(70%) և վրացերեն(30%): Ի սկզբանե ծրագիրը նպատակ էր հետապնդում ազգությամբ ոչ վրացի երեխաներին արագ սովորեցնելն վրացերեն: Սակայն արդեն 4-րդ տարին է և ծրագիրն արդյունք չի տալիս: Կրթության ոլորտի մասնագետների խոսքերով խնդիրը կայանում է ինչպես դասագրքերի անորակ թարգմանության մեջ, այնպես էլ մասնագետների բացակայության, որոնք լավ տիրապետում են և հայերենին, և վրացերենին: