Նախապատրաստվել է կրթության ոլորտում բարեփոխումների փաթեթ, որը կներկայացվի հանրությանը:
Վրաստանի կրթության նախարարության առաջնահերթությունը դպրոցների անվտանգությունն է, այս ուղղությամբ աշխատանք է տարվում անընդհատ ռեժիմով: Այդ մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար ՄիխեյիլԲատիաշվիլին:
Հունվարի 18-ից Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կսկսի հանրությանը ներկայացնել նոր բարեփոխումները, որոնք կիրականացվեն կրթական համակարգում: Անվտանգությունը կլինի բարեփոխումների կարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը:
«Եթե դպրոցներում երեխաների անվտանգությունը ապահովված չլինի, անհնար կլինի խոսել կրթության նոր մոդելների ներմուծման մասին: Սա շատ կարեւոր հարց է: Այս առումով մենք ակտիվորեն աշխատել ենք օտարերկրյա գործընկերների հետ, ներքին գործերի նախարարության հետ եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում», – հայտարարել է Բատիաշվիլին:
Փորձագետները պատրաստել են կրթության բարեփոխումների փաթեթ, որը ներառում է բոլոր ուղղությունները, ներառյալ` անվտանգությունը:
Նախատեսված է՝ ենթակառուցվածքների զարգացում, նորարարությունների եւ տեխնոլոգիաների ներմուծում, համալսարաններին ֆինանսավորման նոր մոդելի ներմուծում: Բարեփոխումները տեւելու են չորս տարի եւ նպատակաուղղված են՝ Վրաստանը վերածել կրթական կենտրոնի եւ այն դարձնել տարածաշրջանում առաջատարը:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ նախարարությունը եռապատկել է բյուջեն՝ դպրոցների ենթակառուցվածքների թարմացման համար:
«Մեր երեխաները չպետք է կրթություն ստանան այն պայմաններում, որոնք այժմ գոյություն ունեն դպրոցների որոշակի հատվածներում: Կարեւոր է, որ այս հարցում մենք լիարժեք աջակցություն ունենք կառավարության կողմից, քանի որ կրթությունը երկրի գերակայությունն է», – ընդգծել է Բատիաշվիլին:
Նախադպրոցական կրթության հիմքը կդառնա սաների անձնական զարգացումը, նոր ուսումնական ծրագրերի ներդրումը, մանկավարժների վերապատրաստումը եւ ծնողների համար օժանդակ էլեկտրոնային ռեսուրսների ստեղծումը, – նշել է նախարարը:
Բատիաշվիլին ասել է նաև նոր դպրոցական մոդելի ներմուծման մասին, որի հիմնական խնդիրը կլինի աշակերտների կոմպլեքսային մտածողության զարգացումը: Նոր մոդելը նախատեսում է ուսուցիչների վերապատրաստում, նորացված ենթակառուցվածք եւ շատ ավելին: