Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան №1 դպրոցի սաները Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բեմադրեցին Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:
Ներկայացման դերասանական կազմը ամբողջովին Թումանյանի անվան դպրոցի աշակերտներն էին:
«1921 թվական 15-ը մարտի Բեռլին, Շառլոտենբուրգ՝ Հարդենբերգ փողոց…» ահա այս բառերով սկսվեց բեմադրությունը, որը տևեց մոտ մեկ ժամ:
«Ապրիլի 12-ին, Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի շուրթերից հնչեցվածը հավատի ուժն էր, որ ծավալվեց ամբողջ աշխարհում և ռումբի նման պայթեց: Այսօրվա մեր երեխաների միջոցառումը ոչ միայն ողբ է, հիշողություն է, այլ նաև վերածնունդ: Հազարամյակների արյունալի քառուղիներով անցանք բայց հարություն առանք, այսօրվա միջոցառումը նաև հարության միջոցառում է»,- ասաց Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
Աշակերտները թատերական այս ներկայացմամբ, Թեհլերյանի միջոցով իրենց ցասումն արտահայտեցին Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Միջոցառման պատվավոր հյուր՝ ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը տպավորված էր աշակերտների խաղով, հատկապես Սողոմոն Թեհլերյանի դերակատարի կերպարով:
Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման, վերածննդի այս յուրօրինակ միջոցառմամբ Ջավախքի դպրոցականները «խոսեցին» Թեհլերյանի ու միլիոնավոր այն հայ նահատակների շուրթերով, որոնց ճիչը մինչ օրս հնչում է մարդկության ականջին: Մեկ դար անց էլ նրանք «աղաղակում են»:
Նշենք, որ հայերի հանդեպ կատարած ոճրագործությունների համար դատական պատասխանատվությունից խուսափած երիտթուրքերի պարագլուխներին պատժելու նպատակով ձեռնարկվեց «Նեմեսիս» գործողությունը:
1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը և անձնական տվյալները:
1921 թ. հունիսին Բեռլինում կայացավ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տևեց երկու օր: Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Ս. Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները:
Դատավարության ընթացքում բերված փաստերի ու վկայությունների արդյունքում գերմանական դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին: Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլերյանի գործը ճակատագրական նշանակություն ունեցավ. տարիներ անց արդեն փորձառու իրավաբանն ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիան:
Աղունիկ Այվազյան