Ջավախքում անցկացվող ասմունքի փառատոնի շրջանային լսումների փուլն ավարտված է: Լավագույններն առաջիկայում կպայքարեն Արցախում Ջավախքը պատվով ներկայացնելու համար:

Արդեն 6-րդ անգամ է Արցախի Շուշի քաղաքում անցկացվում է ասմունքի համահայկական փառատոն, որին մասնակցում են աշխարհի 4 ծագերից, այդ թվում Ջավախքից: Ասմունքի փառատոնին մասնակցելու համար Ջավաքխում առանձին լսումներ են կազմակերպվում: Այս տարի շրջանային փուլի լսումներին ընդհանուր առմամբ մասնակցեցին 146 աղջիկներ ու պատանիներ, որոնցից միայն 40 կարողացան անցնել հաջորդ փուլ:

«Մենք ամեն տարի մասնակցում ենք Շուշիում ասմունքի փառատոնին, բայց արդեն երկու տարի է Ջավախքում, մինչ մրցույթին մասնակցելը կազմակերպում ենք մրցույթ-փառատոն: Ամենաշատ մասնակցություն եղավ Ախալքալաքի շրջանից, Երիտասարդական երեք կենտրոններից էլ մասնակիցների քանակը մեծ էր: Երկրորդ փուլ անցան 40 երեխաներ, իսկ Շուշի կմեկնեն նրանցից միայն 12-15 մասնակից, որտեղ օգոստոս ամսին կայանալու է ասմունքի 6-րդ համահայկական փառատոնը», – իր խոսքում նշեց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

asmunq

Կազմակերպիչների խոսքերով, Ջավախքում ասմունքի փառատոնին մասնակցողների ոգևորությունը մեծ է, և գնալով նրանց քանակը ավելանում է, սակայն անելիքներն այս ասպարեզում շատ են:

«Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները զգաստացած են, զգացվում է, որ երեխաների հետ աշխատանք է տարվել, բայց ցավոք մենք Ջավախքում չունենք բեմական խոսքի վարպետության դասեր: Մասնագետների պակասը կա, որովհետև, այսօր մեր լեզվի և գրականության ուսուցիչները բեմական խոսքի մասնագետներ չեն, մասնագետի կարիք ունենք: Ես շնորհակալ եմ մեր ժյուրիի մասնագետ անդամներից, ովքեր լսումների ժամանակ յուրաքանչյուր երեխայի և խորհուրդ են տալիս, և ուղղություն են տալիս և պատրաստակամ են հաջորդ փուլին մասնակցելու համար այդ երեխաների հետ աշխատել»,- ասաց Կարինե Թադևոսյանը:

Ավելացնենք, որ ասմունքի փառատոնը Ջավախքում կազմակերպում է Վրաստանի Հայ Օգնության Միությունը (ՎՀՕՄ):

Աղունիկ Այվազյան