Այսօր վրացերեն խոսելու փորձը Ջավախքի տարբեր տարիքի բնակիչների հետ ընդհատվում է տարբեր ժամանակ: Ամենաերկար երկխոսությունը բարձր դասարանցիների և ուսանողների հետ է ստացվում: Նախադպրոցական տարիքի երեխաները կամ տարրական դասարանների աշակերտները, ինչպես նաև տարիքով մարդիկ միայն բարևում են: Չնայած իշխանության գործադրած ջանքերին և բնակիչների ցանկությանն այս պատկերը շատ դանդաղ է փոխվում: Մենք փորձեցինք պարզել, թե ինչու՞ …

Ժեստերի լեզուն կամ ճամփորդություն անծանոթ գրքում

Թամունա Նեգրին առաջին անգամ Ջավախք է այցելել 2001 թվականին ուսանողական էքսպեդիցիայի ժամանակ: Զարմացել է, երբ Փոկայում (գյուղ Նինոծմինդայի շրջանում) հանդիպելով գյուղացիներին չի կարողացել խոսել նրանց հետ, որովհետև նրանք չեն հասկացել վրացերեն, իսկ ինքը՝ հայերեն: Հենց այդ ժամանակ էլ Թամունան սկսում է հետաքրքրվել Ջավախքով ու այստեղ ապրող մարդկանց ապրելակերպով:

Հետագայում, երբ 2014 թվականին հայտարարվում է «Վրացերենն ապագայի համար» ծրագիրը, Թամունա Նեգրին որոշում է որպես ուսուցիչ մեկ տարով գնալ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղ։

«Սա ամենագեղեցիկ գյուղերից մեկն է, որն ամբողջությամբ բնակեցված է էթնիկ հայերով: Ոչ մի վրացի, վրացերեն լեզվով խոսող այնտեղ չէր ապրում: Ես շատ էի ուզում, որ իմ երկրի ամեն անկյունում ապրող մարդկանց մոտիկից ճանաչեի, այդ թվում՝ Ջավախթիում ապրող էթնիկ հայերին։ Իմ գնալուց մեկ շաբաթ անց գյուղում հարսանիք կար, որին ես էլ էի հրավիրված, և այն կարծես անծանոթ գրքում ճանապարհորդություն էր ինձ համար, երբ որ նոր գիրք ես կարդում հենց այդպիսին էր Ջավախեթին ինձ համար», – պատմում է Թամունան:

Վերջինս ապրել է Համեստի հյուրընկալ ընտանիքում։ Թամունայի խոսքերով իրեն վերաբերվել են սեփական երեխայի նման, չնայած նրան, որ սկզբնական շրջանում միմյանց չեն հասկացել: Նրանք շփվել են ժեստերի օգնությամբ:

«Նա վրացերեն չգիտեր, ես էլ՝ հայերեն և միմյանց ինչ-որ բաներ ձեռքերով էինք հասկացնում, հետո նա քիչ-քիչ վրացերեն սովորեց, իսկ ես՝ հայերեն։ Մինչև այսօր շատ լավ հարաբերություններ ունենք, ընկերացանք և ես Համեստին երկրորդ մայր եմ ասում»:

Թամունայի հյուրընկալ ընտանիքն ու իր ընտանիքը պարբերաբար փոխադարձ այցելություններ են կազմակերպում և 6 տարի անց նրանց կապը ոչ միայն չի կտրվել, այլ հակառակն՝ այն ամրապնդվել է:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղը 3000-ից ավելի բնակիչ ունի, 300 դպրոցական և վրացերեն դասավանդող 2 ուսուցիչ: Առաջին հայացքից որևէ փոփոխություն ակնկալելն ֆանտաստիկայի ժանրից է թվում, սակայն Թամունա Նեգրին վստահեցնում է՝ փոփոխությունը ոչ այնքան ակնառու, բայց առկա է:

negri
Թամունան իր աշխակերտների հետ

«Մենք ընդամենը 2 վրացերեն լեզվի ուսուցիչ էինք, երկլեզու ուսուցման առաջին տարիներն էր, երբեմն այնպիսի զգացողություն ունեի, որ գրքերը համեմատաբար ավելի դժվար կազմություն ունեին, քան երեխաները կարող էին հասկանալ, և նրանց համար շատ անգամ դժվար էր հասկանալ, թե ինչ է գրված այս գրքերում։ Շատերը ընդհանրապես չգիտեին ու չէին հասկանում վրացերեն, սակայն այն դասարաններում, ուր մտնում էի կամաց-կամաց սկսեցինք միմյանց հետ շփվել»:

Թամունա Նեգրին, ով այսօր լրագրող է աշխատում Բաթումելեբի կայքում, կարևորում է և ԿԳ նախարարությանն առաջարկում, որպեսզի վրաց լեզվի ուսուցման գործընթացի հենքում ինտեգրացիան ունենալով, ճանաչողական, ուսուցանող փոխայցելություններ կազմակերպել:

«Դա կարող է լինել ոչ միայն լեզվի ուսուցման ծրագրերը, այլ նաև ֆեստիվալների, մրցույթների կազմակերպում, այնպիսի միջոցառումներ, որոնք ավելի շատ հնարավորություն կտան մարդկանց շփվելու, պարզապես զրուցելու։ Շատ կարևոր է այն, որ ուսուցման գործընթացին նախարարությունը ներգրավի ոչ միայն լեզվի ուսուցումը, այլև հատկապես երեխաների ինտեգրացիան, օրինակ շատ էքսկուրսիաներ Թբիլիսիում, Բաթումիում, Վրաստանի տարբեր քաղաքներում, որ Ջավախքում ապրող մարդիկ իմանան, թե ինչպիսին է Վրաստանը՝ Ջավախքից այն կողմ։ Շատ երեխաներ կան, ովքեր հնարավորություն չեն ունեցել տեսնել Թբիլիսին, կամ ծովը Բաթումիում, սա լավ չէ և խանգարում է ինտեգրմանը, պետք է սա փոխել»,- առաջարկում է Թամունան։

aghjik

Իրականացված ծրագրերն ու ծախսված միջոցները

Ուսուցիչների մասնագիտական զարգացման Ազգային կենտրոնը 2016 թվականից իրականացնում է «Ոչ վրացալեզու դպրոցների մասնագիտական զարգացում» նախագիծը, որը միավորում է անցյալ տարիների ծրագրերը «Ուսուցանենք վրացերենը, որպես երկրորդ լեզու» (2009-2015թթ․) և «Վրացերեն լեզուն ապագայի հաջողության համար» (2011-2015թթ):

Նախագծի նպատակն է, այն մարզերում, որտեղ ազգային փոքրամասնություններ են բնակվում ոչ վրացալեզու ուսուցիչների համար ուսուցանել-ուսանել գործընթացի միջոցով նպաստել պետական լեզվի ամրապնդմանը, ինչպես նաև դպրոցում բարելավել ոչ ֆորմալ ուսուցանման պրակտիկան։

dprocakan u girq

Ծրագրի բյուջեն ըստ տարիների հետևալն է.

2015 թ․ ծախսվել է 3 550 000 լարի, 2016 թվական՝ 3 000 000 լարի, 2017 թվական՝ 2 925 000 լարի, 2018 թվական՝ 2 843 257 լարի։

Նախագծի ընտրված թիրախային խմբերն են.

Ոչ վրացալեզու դպրոցների/բաժինների ոչ վրացալեզու և վրացալեզու ուսուցիչները,
«Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը» որակավորված խորհրդատու/ուսուցիչները (Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Կախեթի ոչ վրացալեզու դպրոցներում),
«Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը» օգնական ուսուցիչ (վրացերենը, որպես երկրորդ լեզու, պատմություն և աշխարհագրություն),
«Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրին» էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ օգնական ուսուցիչներ, Ազգային ուսումնական ծրագրով սահմանված տարբեր առարկաներ։

Ընդհանուր մասնագիտական հմտություններ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար, «Ուսուցանման գործընթացների պլանավորում, ղեկավարում և գնահատում» (42 ժամ), մասնակցել են 284 ուսուցիչ

Ծրագրի շրջանակներում թիրախային դպրոցներում կադրային դեֆիցիտը նվազեցնելու նպատակով մրցույթ է անցկացվել և այդպիսով ընտրվել է ուսուցիչների երեք խումբ: Ներկա դրությամբ վերոնշյալ շրջանների 175 դպրոցներում ներկայացված են՝

. Վրացերենն, ինչպես երկրորդ լեզվի 121 խորհրդատու-ուսուցիչ, ովքեր համապատասխան առարկայի դասավանդումից բացի խորհրդատվություն են անցկացնում ծրագրի օգնական և տեղական ուսուցիչների հետ, և խրախուսում են դպրոցներում ոչ ֆորմալ ուսուցման պրակտիական։

. Վրացերենը, որպես երկրորդ լեզվի և հասարակական գիտությունների առարկաների (պատմություն և աշխարհագրություն) 86 օգնական ուսուցիչ, ովքեր տեղական ուսուցիչներին օգնում են ուսուցման գործընթացը իրականացնելու համար և պլանավորում են ֆորմալ ուսուցանման ծրագրեր։

. 77 երկլեզու օգնական ուսուցիչ, ովքեր 1+4 ծրագրի ուսանողներ են տեղական ուսուցիչների հետ ազգային ուսումնական ծրագրով աշխատում են ցանկացած դպրոցական կարգապահությունում:

2018-2019 ուսումնական տարում նախագծի շրջանակներում 71 հայկական դպրոցներում ներկայացվել է 94 մասնակից:

Ինչպես նաև 2009 թվականին փորձնական, դպրոցներում ներմուծվեց բազմալեզու կրթության նախագծի կանոնակարգով հաստատված երկլեզու ծրագրեր: Ներկա դրությամբ նշված «ծրագրերը» դադարեցված են, քանի որ հետազոտությունը (The Multilingual Education Policy implementation, the baseline study, 2010) և նախարարության կողմից իրականացրած մոնիտորինգը թերություններ էր բացահայտել։ Նշված ծրագրերում բացահայտված թերությունները հաշվի առնելով, ներկա պահին նախարարությունը ոչ վրացալեզու դպրոցների համար մշակած ունի նոր երկլեզու ծրագրի հայեցակարգ։

Չնայած այս ամենին Ջավախքի դպրոցներում շարունակում են սովորել երկլեզու հին դասագրքերով:

Ես ինձ այստեղ կարևոր եմ զգում

Ցաուլինա Մալազոնիան 10 տարի է վրացերեն է դասավանդում Ախալքալաքի շրջանի Զակ գյուղի հանրային դպրոցում: Նա իր առջև կոնկրետ նպատակ է դրել, չի հեռանա գյուղից այնքան ժամանակ, քանի դեռ իր անհրաժեշտությունը կա: Նա պատմում է, որ նախկինում այդքան էլ չէին կարևորում վրաց լեզվին տիրապետելու հանգամանքը, ոչ միայն աշակերտները, այլև նրանց ծնողները:

«Երբ երեխաները տեսան մեր ուսուցման մեթոդները, տեսան ինչքան կարևոր է լեզվի իմացությունը, շատերի մոտ հետաքրքրություն առաջացավ: Հետագայում նաև ծնողները սկսեցին հետաքրքրվել, տեսան որքան կարևոր է երեխաների ապագայի համար: Հիմա հաճախ ծնողներն են գալիս, նույնիսկ ասում են, որ ինչու իմ երեխայի տեքստն այդքան կարճ է, ցանկալի կլիներ ավելի մեծ բովանդակության նյութեր հանձնարարեք»,- պատմում է Ցաուլինան:

caulina

Վերջինս հիշում է, սկզբնական շրջանում գյուղում վախենում էին Թբիլիսի սովորելու գնալ, բայց երբ երեխաները տեսան, որ արդեն կան Թբիլիսիում ուսանողներ կան իրենց գյուղից, իրենց մոտ էլ ցանկություն առաջացավ:

«Ես մտածում եմ, որ այս տարի ավելի շատ ուսանողներ կունենանք վրացական համալսարաններում»,- ընդգծում է Ցաուլինան:

Վրացերենի ուսուցիչը վստահ է՝ վրացերենի իմացությունը երաշխիք է, որ կկարողանան հետագայում աշխատանք գտնել Վրաստանում:

«Նրանք կկարողանան մասնակցել Վրաստանի քաղաքական գործերին, ճիշտն ասաց՝ դա մեր ուզածն է, որ կատարվի ինտեգրացիա և փոքրամասնությունն էլ ունենա լավ ապագա»:

Ցաուլինան գտնում է, որ ազգային փոքրամասնություններին վրացերենի ուսուցման ծրագրերում անպայման պետք է հաշվի առնել, այն հանգամանքը, որ դասավանդողն 100%-ով տիրապետի լեզվին: Ինչպես նաև կարծում է, որ պետությունն իր ծրագրերում պետք է ստեղծի այնպիսի հարթակ, որտեղ երեխաները կարողանան վրացերենով շփվել:

Ցաուլինան հպարտությամբ է նշում, որ նույնիսկ ծնողներն են ցանկություն հայտնում վրացերեն սովորելու: Վերջինս շաբաթ-կիրակի օրերին Բալխո գյուղ է գնում, որը Զակից գտնվում է 3 կմ հեռավորության վրա և երեխաների ծնողներին վրացերեն է դասավանդում:

«Շատ կարևոր է, որ ծնողներն են ուզում սովորել վրաց լեզու, դրանով երեխաների մոտ մոտիվացիա է առաջանում, այսպես ասած՝ ես պետք է սովորեմ վրաց լեզու քանի որ մայրիկն էլ է սովորում: Մայրերի մոտ հիմնական մոտիվացիան այն է, որ իրենք սովորել են Երևանում ու ուզում են աշխատել այստեղ, բայց լեզուն չգիտեն: Դրա համար ուզում են սովորել կամ ուղղակի մարդկանց հետ շփվելու համար»,- ասում է Ցաուլինան:

Ազգային փոքրամասնություններին վրացերեն ուսուցանելու հիմանական ծրագիրը՝ բիլինգվալ ուսուցումը ներդրվեց դպրոցներ, հաշվի չառնելով բազմաթիվ որոշիչ գործոններ:

«Դա շատ քաոսային է: Միանգամից մտցրին երկլեզու դասավանդում, որին ուսուցիչները պատրաստ չէին: Կեսը վրացերենով, կեսը հայերենով շատ դժվար էր ուսուցիչների համար, ինչպես նաև երեխաների և ծնողների, որովհետև նրանք չգիտեին վրացերեն: Դա շատ մեծ քաոս ստեղծեց ուսուցման պրոցեսում: Նման բան անելուց առաջ սկզբից պետք էր ուսուցչին պատրաստել»,- տեսակետ է հայտնում նա:

Ցաուլինան 10 տարի առաջ, երբ մասնակցեց ոչ վրացալեզու դպրոցներում մանկավարժների ընտրության մրցույթին, վստահ չէր, որ կընտրվի: 900 մասնակիցներից ընտրվեցին 50-ը, ընտրյալների շարքերում էր նաև Ցաուլինա Մլազոնիան:

ashakertner

«Մի կաթիլ ջուր ծովում»

Անժիկ Մարաբյանը մաթեմատիկա է դասավանդում Ախալքալաքի շրջանի դպրոցներից մեկում: Նա մշտապես փորձում է մասնակցել վրաց լեզվի ուսուցման ծրագրերին, սակայն մինչ օրս որևէ շոշափելի արդյունքի չի հասել: Չնայած վերջինս վստահեցնում է յուրաքանչյուր դասից գոնե մի բառ սովորած է տուն վերադարձել, միևնույնն է նա չի կարողանում խոսել վրացերեն: Ուսուցչուհին սա բացատրում է իր տարիքով, ինչ որ տեղ նաև դասավանդողների անտարբերությամբ, ովքեր միշտ չէ, որ մեծ պահանջներ են դնում ուսուցիչների առջև:

«Իրականում շատ դանդաղ է ընթանում լեզվական ինտեգրացիան, բացատրեմ՝ ինչու՞, որովհետև ամբողջ դպրոցում մեկ կամ երկու մասնագետը մեծ հաշվով չի կարող ընդհանուրը պատկերը միանգամից փոխել: Նախ նրանք մտածում են, ինչքան մենք ուշ սովորենք լեզուն, այդքան երկար իրենք բարձր աշատավարձով կմնան այստեղ: Երկու տարի առաջ մեր դպրոց մի աղջկա էին ուղարկել, ով իրականում չէր կարող դասավանդել, փորձառություն չուներ, բայց նա հետաքրքիր միջոցառումներ էր կազմակերպում դեպի Թբիլիսի ու տարբեր տեսարժան վայրեր: Երեխաների հետ շատ էր մտերմացել, ինքը դրանով շահագրգռում էր, բայց ինստուտոցինալ կրթության մասին խոսք չէր կարող լինել»,- պատմում է նա:

ashakertutyun

«Եթե կարում եմ, կարողանում եմ հասկանալ, դասի ժամանակ խնդիրներն ազատ թարգմանում եմ, քանի որ մոտավոր բովանդակությունը գիտեմ: Համեմատել, ստուգել, լուծել, մեծ է, փոքր է, դրանք կարողանում եմ անել: Լավ է, ես գոհ եմ, իմ տարիքիս որ այսքան սովորել եմ: Հիվանդանոցում պառկած էի, իմ իմացած վրացերեն մի քանի բառով բոլորի հետ շփվում էի, կարևորն դա է: Մեր աշակերտները հետաքրքրված են և սովորում են վրացերեն: Չեմ սխալվի եթե նշեմ, որ մեր աշակերտների 30 տոկոսը կարող է հանգիստ զրույց վարել վրացերենով»,- ասում է Անժիկ Մարաբյանը:

Նախագահ Զուրաբիշվիլին Ախալքալաք իր այցի ընթացքում խոսեց պետական լեզվի իմացության կարևորության մասին։

«Լեզուն դեպի հարաբերություններ, մշակույթ, պետության ուժեղացում գլխավոր դուռն է։ Ես պատասխանատու եմ այն բանի համար, որ վրացերենն այս երկրում իսկական պետական լեզու դառնա, Վրաստանի բոլոր քաղաքացիների լեզուն», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

4

Նախագահը վստահեցրեց, որ պետությունը ջանքեր չի խնայում և աշխատելու է վրացերենն ավելի հասանելի դարձնել, նախևառաջ, երեխաների համար։ Քայլերից մեկն այդ ուղղությամբ Ախալքալաքում վրացերենի ուսուցմամբ մանկապարտեզ բացելն է։

Պետությունը, ԿԳ նախարարությունը, մանկավարժները, աշակերտներն ու ծնողները, բոլորը գիտակցում ու քայլեր են անում Ախալքալաքում վրաց լեզվի ամրապնդման ուղղությամբ: Սակայն մինչ օրս ձեռնարկված միջոցները բավարար չեն… Դպրոցին հրաժեշտ է տալիս հերթական սերունդը, որը կրկին լիարժեք չի տիրապետում պետական լեզվին:

Աղունիկ Այվազյան