Ախալքալաքում գործում է ընդամենը մեկ գրադարան, իսկ գյուղերում 17 գրադարանային սենյակներ, որոնք չունեն տարրական պայմաններ ոչ միայն գրքերի պահպանման, այլև ընթերցողների համար:

Խորհրդային շրջանում Ախալքալաքի գրեթե յուրաքանչյուր գյուղ իր գրադարանն ուներ, սակայն այսօր պատկերն այլ է: 70 գյուղական գրադարաններից մնացել է ընդամենը 17-ը, որից 3-ը վրացական գյուղերում, իսկ 14-ը՝ հայկական: Իսկ Ախալքալաքում գործում է ընդամենը մի քաղաքային գրադարան, որին կից էլ գործում են այդ 17 գյուղական գրադարանները: Մնացած դեպքերում նախկին գյուղական գրադարանների գրքերը տեղավորված են սեփական տներում:

2007 թվականից Ախալքալաքի գրադարանները դարձան ինքնուրույն իրավաբանական անձ և պատկանում են շրջանային վարչությանը: Ախալքալաքի քաղաքային գրադարանը գտնվում է Մշակույթի շենքում և զբաղեցնում է 4 սպասարկման սենյակ և մեկ գրապահոց: Այս սենյակներից փայտե վառարանով ջեռուցվում է ընդամենը երկուսը: 45 000 կտոր գրականություն պահվում է մի սենյակում, որտեղ անձրևների ժամանակ և ձմռանը կաթում է: Այստեղ գրապահոցը չի ջեռուցվում, գոյություն չունի գիրքը պահելու կայուն ջերմաստիճան հասկացողությունը: Կախված տարվա եղանակից գրքերը փոխում են իրենց տեսքն ու ձևը:

Գրապահոց մտնելիս տարիներով խունացած գրքերի հոտից ամենաքիչը ալերգիա կսկսվի մարդու մոտ: Այստեղ յուրաքանչյուր քայլ անելիս պետք է երկար մտածել, մանրահատակն այնքան հին է ու քանդված, որ վախենում է մարդ առաջ գնա: Մութ ու ցուրտ միջանցքներ ու սենյակներ, որոնք հենց գրադարանավարները ծիծաղով լաբիրինթ են անվանում:

«Մեր գրադարանների վիճակն մեղմ ասած անմխիթար է: Ճիշտ է կան գյուղեր, որոնք փոքրիկ վերանորոգված սենյակներ ունեն, բայց ջեռուցում չկա, նույնիսկ լույս չկա, կամ փոքր սենյակ է նույնիսկ գրքերը չեն տեղավորվում»,- ասաց Ախալքալաքի շրջանի գրադարանային միավորումների տնօրեն Թեկլե Վախտանգաշվիլին:

17 գյուղական գրադարաններից համեմատաբար բարվոք վիճակում են Դիլիսկա, Խանդո, Վաչիան, Արագովա, Գումբուրդո, Կոթելիա, Բարալեթ գյուղերի գրադարանները, որոնք գոնե նորմալ սենյակ ունեն գրքերը տեղավորելու համար: Սակայն նշյալ գյուղերի գրադարանային սենյակներում ևս ոչ լույս կա, ոչ էլ ջեռուցում: Այս պատճառով էլ ձմռանը գյուղական գրադարանները գրեթե չեն գործում:

Գիտելիքը, բանիմացությունը որպես բարձրագույն արժեք ձեռք է բերվում գրքերի բազմաբովանդակ աշխարհի հետ ծանոթանալով, ինչի ապահովողներից է ժամանակակից գրադարանն իր բոլոր գործառույթներով, միջոցներով, նպաստավոր միջավայրով: Սակայն Ախալքալաքում խոսել ժամանակակից գրադարանի մասին արդեն իսկ ծիծաղելի է: 2014-ին քաղաքի մանկական գրադարանից օգտվել է շուրջ 574 ընթերցող: Առաջին հայացքից սա շատ փոքր թիվ է Ախալքալաքի համար, սակայն հաշվի առնելով գրադարանի ներկայիս վիճակը, ապա հուսադրող է:

Ախալքալաքի գրադարանային միավորումների տնօրենի խոսքով քաղաքային գրադարանից հիմնականում օգտվում են տարեցներն ու ուսանողները:

Ախալքալաքում գրադարանները անուշադրության են մատնված: Եղածն էլ գործում է կիսով չափ, գրադարանավարուհիներն աշխատում են կես դրույքով` ստանալով 100-155 լարի աշխատավարձ:

Ախալքալաքի շրջանային ժողովը 2016 թվականի բյուջեն կազմելիս խոստացավ գրադարանների աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 2016 թվականին:

Մարդու աշխարհահայացք ձևավորող այս կրթօջախն այսօր արհամարված է Ախալքալաքում: Նորմալ հասարակության շրջանում գիրքը պահպանում է իր անբեկանելի դերն ու նշանակությունը: Սակայն այսօր Ախալքալաքում գրադարան հաճախել ու գիրք կարդալն արդեն իսկ տարօրինակություն է համարվում:
manrahatak

grqer

pat

gradaranavar

gradaran

mijancq
Աղունիկ Այվազյան