Արդեն մի քանի օր է սահմանամերձ Խավեթ գյուղի ճանապարհներն անանցանելի են: Բնակիչները ահազանգում են՝ երկար չեն կարող այսպես ապրել: Ճանապարհները մաքրող տեխնիկան չի հասցնում հասնել մինչև Խավեթ, քամին նորից լցնում է ճանապարհը:
Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղի բնակչի խոսքերով իրենց գյուղի ճանապարհը փակ է և անորոշ է, թե երբ այն կբացվի:
Այս գյուղի բնակիչների կապը քաղաքի հետ կախված է բնության քմահաճույքից:
«Մի շաբաթ առաջ փակ էր,Jnews-ը գրեց դրանից հետո մաքրեցին, բայց վերջին օրերի ուժեղ քամին կրկին փակել է գյուղի ճանապարհը: ճանապարհի մոտավոր 600 մետրը մաքրեցին ու վերջ: Մենք մեղավոր չենք որ սահմանամերձ գյուղում ենք ապրում, ոչ ճանապարհն են սարքում, ոչ էլ մաքրում»:
Այս գյուղից մինչև քաղաք Ախալքալաք 32 կմ է: Ճանապարհի մի մասը, մինչև Սուլդա գյուղ՝ ասֆալտապատ է, իսկ մյուսը, մոտավոր 12 կմ՝ հողային է: Այն ամենահեռավոր գյուղը չէ, սակայն վստահորեն կարող ենք ասել՝ ամենաանանցանելին է: Թուրքիային հետ սահմանակից այս գյուղում ապրում են 80 ընտանիք:
Ախալքալաքի շրջանի գյուղերի ճանապարհները ձյունից մաքրող ընկերության ներկայացուցիչ Արա Ղազարյանի խոսքերով, տեխնիկան չի կարող հասնել մինչև Խավեթ, քանի որ անընդհատ քամին լցնում է մաքրած ճանապարհները: Այդ ուղղությամբ հիմա մաքրում է ամենամեծ տեխնիկան, սակայն դեռ մինչև գյուղ Կոմունա նույնիսկ չի հասել: Երեկ ամբողջ օրվա ընթացքում այդ ուղղությամբ տեխնիկան կարողացել է մաքրել 500-600 մ. ճանապարհ:
«Ներկա դրությամբ բոլոր ուղղություններով մենք աշխատում ենք, որ ճանապարհները բացենք: 17 միավոր տարբեր տեսակի տեխնիկա այս պահի դրությամբ մաքրում են Ախալքալաքի շրջանի գյուղերի ճանապարհները», – ասաց Արա Ղազարյանը jnews-ի հետ հեռախոսազրույցում: