Տեղական իշխանությունները միջոցներ են հատկացրել Կորխ գյուղում մանկապարտեզի շենքը վերանորոգելու համար։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին։
2024 թվականի օգոստոսի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները պայմանավորվել են մունիցիպալիտետում որոշակի աշխատանքներ իրականացնել 2 184 145 լարիի չափով։ Հաստատված աշխատանքների ցանկում ներառված է Կորխ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը, որի համար հատկացվել է 300.000 լարի։
Ինչպես Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Կորխ գյուղի մասնագետ Գառնիկ Ղանդիլյանը, դեռ տեղյակ չէ հատկացված գումարներից։ Նրա խոսքով՝ դեռևս կորոնավիրուսից առաջ գյուղի բարերարները գնել են գյուղի տներից մեկը՝ այնտեղ մանկապարտեզ բացելու համար։ Սակայն համավարակի սկսվելու պատճառով աշխատանքները դադարեցվել են, և մինչ օրս շենքը չի գործում։
«Մենք գյուղի ֆոնդ ունենք, այս հիմնադրամի միջոցներով տուն ենք գնել, որ այնտեղ մանկապարտեզ բացենք։ Ամեն անգամ ինչ-որ բան նորոգել ենք, բայց համավարակից հետո շենքն ամբողջությամբ վերանորոգել չի հաջողվել, աշխատանքները դադարեցվել են և ուրիշ բան մինչ այժմ չի արվել: Շենքը գտնվում է անմխիթար վիճակում և օգտագործման համար պիտանի չէ»,- մեկնաբանել է Գառնիկ Ղանդիլյանը։
Նա հավելեց, որ գնումից հետո գյուղի բարերարները շենքը նվիրել են մունիցիպալիտետին։
Նշենք, որ 2024 թվականին Կորխ գյուղից 14 երեխա հաճախել է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ։
Ինչպես Jnews-ին հայտնեց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը, աշխատանքային նախագիծը պատվիրված է, և աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։
«Գյուղի բարերարներն առանձնատուն են գնել, կառուցել, այսինքն՝ տանիքը, պատերը, սարքել են միջնապատեր, այս շենքը նվիրել են մունիցիպալիտետին, մեզ մնում է շարունակել ներքին վերանորոգումն ըստ ստանդարտների՝ ջեռուցում, բակի բարեկարգում և այլն, այն ամենը, ինչ ներառված է ստանդարտների մեջ»,- մեկնաբանեց նա։
«Նախագիծը պատվիրված էր, նախագծողները եկան, գծագիրն արեցին, սպասում ենք նախագծին։ Նախագիծն ավարտվելուն պես մրցույթը կհայտարարենք, իսկ աշխատանքները կսկսվեն 2025 թվականին»,- հավելեց Մովսիսյանը։
Նրա խոսքով, ակնկալվում է, որ մանկապարտեզ կայցելեն նաև հարեւան Թոթխամ և Մաջադիա գյուղերի երեխաները։ Սակայն, ինչպես նշեց Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը, դեռ չի կարող ասել, թե քանի երեխա և որ գյուղից կկարողանա հաճախել մանկապարտեզ։
«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, թե ինչ ստանդարտներով է այն կառուցվելու, հիմա մենք ունենք տարբեր ստանդարտներ։ Հիմնականում հաշվում ենք 100 երեխայի համար, բայց չգիտեմ ինչպես կլինի և չեմ կարող ասել, մինչև չտեսնեմ նախագիծը»,- մեկնաբանեց նա։