Բարալեթ գյուղի ակումբի շենքը գտնվում է վթարային վիճակում, այստեղ պարապմունքներ են անկացնում երեք պարային խմբեր: Ակումբի տնօրենն ու գյուղացիները ակումբի վերանորոգման խնդրանքով բազմիցս դիմել են մունիցիպալիտետի ղեկավարությանը, բայց ապարդյուն:
Գրիշա Խեչոյանը փոքրիկ երեխաների պապիկ է, նա վախով է սպասում, թե երբ պիտի երեխաները պարի դասերից հետո վերադառնան տուն: Վերջերս նա համոզել էր կրտսեր թոռանը, որ նա դեռ չհաճախի պարապմունքներին:
«Իմ երկու թոռներն էլ պարի խմբում են, բայց կրտսերը, ով ընդամենը 6 տարեկան է, չենք թողնում, քանի որ ցուրտ է, պայմաններ չկան, իսկ ավագը՝ 11 տարեկան է, հաճախում է, սակայն մենք միևնույն է վախենում ենք:», – ասում է Գրիշա Խեչոյանը:
Ակումբում գործում են երեք պարային խմբեր՝ երկուսը հայկական պարի խմբեր են, մեկը՝ վրացական: Հայկական պարերի փոքրիկների խումբը ձմռանը չի պարապում, ծնողները թույլ չեն տալիս երեխաներին հաճախել:
Գյուղացիների խոսքերով, հայկական և վրացական պարերով զբաղվել ցանկացող երեխաների թիվը գյուղում շատ է, սակայն, շենքի վթարային լինելու պատճառով ծնողները թույլ չեն տալիս նրանց հաճախել պարի:
Բարալեթ գյուղի ակումբը կառուցվել է անցյալ դարի 60-ական թվականներին, և ըստ գյուղացիների, ժամանակին շենքը համարվել է գյուղի զարդը: Այժմ ակումբի շենքը քանդված է, պատերը քանդված են, տանիքի փայտյա բարձիկները փտել են, և տեղ-տեղ քանդվել է նաև տանիքը: Շենքի ներսում վիճակն ավելի վատ է: Պատուհանները ապակիներ չունեն, հատակը քանդված է, պատերը խոնավ են:
Ակումբի տնօրեն Պետյա Կույումչյանն ասում է, որ ինքը բազմիցս դիմել է մունիցիպալիտետի ղեկավարությանը:
«Բոլորը գիտեն այդ մասին` Ստելմաշովը, Քսպոյանը և պատգամավորները: Ասում են, սպասեք, բայց ինչքան սպասել: Բուռնաշեթ գյուղի ակումբը երկու անգամ վերանորոգվել է, չնայած այնտեղ ոչ մի խումբ չկա, իսկ մենք ունենք երեք խումբ, որոնք վախով են պարապում շենքում, բայց այլ ելք չկա:», – ասում է ակումբի տնօրեն Պետյա Կույումչյանը:
Շենքի վթարային վիճակի պատճառով գյուղի պարային խմբերը 2,5 տարի պարապել են մանկապարտեզի շենքում, սակայն անցյալ տարի մանկապարտեզը վերանորոգվեց և ընդլայնվեց ու այնտեղ այլևս չթույլատրեցին պարապմունքներ անցկացնել: Խմբերը ստիպված էին կրկին վերադառնալ վթարային շենք:
Երեխաների, ակումբի տնօրենի ու ուսուցիչների ընդհանուր ջանքերով, ինչ-որ կերպ մի սենյակը կարգավորել են, տեղադրել են վառարան, վառելափայտ են բերում և պարապում են այնտեղ: Այս սենյակը նույնպես առանց ապակիների է, պատերը խոնավությունից վնասվել են, տանիքը կախված է, սակայն երեխաները պարապում են:
Չնայած վթարային վիճակին, մինչև 1016 թվականն, ակումբում անց էր կացվում «Ջավախքի Գարուն» փառատոնը: Ակումբի պարային խմբերը մասնակցել են բազմաթիվ փառատոների՝ Վրաստանում և Հայաստանում: Այժմ երկու ավագ խմբերում պարապում է 57 երեխա:
Ըստ Պետյա Կույումչյանի, երեք տարի առաջ գյուղի Հասարակական տան բացման ժամանակ, Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին եղել է ակումբում, տեսել իրավիճակը և խոստացել է օգնել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Բարալեթ գյուղի ակումբի առնչությամբ դեռևս հուսադրող պլաններ չկան:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ ինքը տեղյակ չի եղել ակումբի վթարային վիճակի մասին, սակայն շեշտեց, արտաքնապես երևում է, որ շենքը հին է:
«Մենք չենք պլանավորել հաջորդ տարի վերանորոգել Բարալեթի ակումբը: Մենք ուզում ենք, բայց մեր բյուջեն մեծ չէ, ուզում ենք, որ ամենուրեք ամեն բան նորմալ լինի, սակայն բյուջեն դա թույլ չի տալիս», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Շուշան Շիրինյան