Ախալքալաքի թիվ 40 ընտրական հանձնաժողովի տարբեր ընտրատեղամասային հանձնաժողովների երեք անդամներ դիտորդների կողմից արձանագրված խախտումների համար ՇԸՀ-ից կստանան նկատողություն: Այդ 3-ն էլ հանդիսանում են ընտարտեղամասային հանձնաժողովների անդամներ ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Դիտորդների մնացած բողոքները չեն բավարարվել:

Հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի թիվ 40 ՇԸՀ-ը վերանայել է հոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 29-ին ստացված բողոքները: Վերանայված 8 բողոքներից 3-ը բավարարվել են: Բոլոր 3-ն էլ գրվել էին «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ՝ Էռնա Պողոսովայի կողմից:

№163 բողոքի հիման վրա, թիվ 40 ՇՀ-ի որոշմամբ, նկատողություն կստանա Ախալքալաքի թիվ 1 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Մեդեա Չոմախիձեն՝ «Միասնական ազգային շարժում»-ից: Դիտորդը նշել է, որ Մեդեա Չոմախիձեն հրաժարվել է մասնակցել վիճակահանությանը, որի պատճառով հանձնաժողովի աշխատանքը կանգնել է, և ընտրատեղամասը բացվել է որոշակի ուշացումով: Դիտորդը պահանջել էր վարչական պատասխանատվության ենթարկել, որն էլ բավարարվել է Շրջանային հանձնաժողովի կողմից:

Հաջորդ բավարարված բողոքը գրվել էր թիվ 37 ընտրատարածքում (գ. Խուլգումո): Այստեղ նույնպես «Միասնական ազգային շարժման» հանձնաժողովի անդամ Իրմա Ջուլուկավան հրաժարվել էր մասնակցել գործառույթների բաշխման վիճակահանությանը: Բողոքում պահանջվում էր նրան ենթարկել վարչական պատասխանատվության: Իրմա Ջուլուկավան նույնպես Ախալքալաքի ՇԸՀ-ի կողմից կստանա նկատողություն:

Երրորդ բողոքը, որը գրվել էր №11 ընտրատեղամասում (գ. Կոկիո), մասամբ է բավարարվել: Դիտորդը պահանջում էր, որ նախագահին ու հոսքի կարգավորչին ենթարկեն վարչական պատասխանատվության, քանի որ կարգավորիչը որոշ ժամանակով դուրս էր եկել ընտրատեղամասից, նրան ոչ ոք չի փոխարինել, և մարդիկ մտել են տեղամաս առանց պիտակավորման ստուգման: Ախալքալաքի ՇԸՀ-ն որոշել է նկատողություն տալ միայն «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող հոսքի վերահսկիչ Վահագ Փիլոյանին, իսկ ՇԸՀ-ի կողմից ընտրված Գրիգոր Էրոյանի նկատմամբ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, քանի որ նա բացատրական գրություն է ներկայացրել:

Չբավարարված 5 բողոքները hետևյալն են: Թիվ 13 (Մաջադիա գյուղ) ընտրատեղամասի № 169 բողոքը, որը գրվել է «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման կողմից: Այս ընտրատեղամասում վերջնական արձանագրության մեջ փոփոխություններ են կատարվել քաղաքական սուբյեկտների ձայների քանակի սյունակում: Բողոքում պահանջվում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել ընտրատեղամասի նախագահին և քարտուղարին: Նրանք հանդիսանում են ՇԸՀ-ի կողմից ընտրված հանձնաժողովի անդամներ: Հոկտեմբերի 31-ին, ՇԸՀ-ի որոշմամբ, այս բողոքը մերժվել է, նախագահին և քարտուղարին պատասխանատվության չեն ենթարկի:

№166 բողոքում թիվ 49 ընտրատարածքային հանձնաժողովի (գ. Գումբուրդո) նկատմամբ, դիտորդը («Բազմազգ Վրաստան») պահանջում էր, որ նախագահը, հոսքի կարգավորողը և գրանցողը ենթարկվեն վարչական պատասխանատվության: Ընտրատեղամասում ընտրողները քվեարկել են առանց անձը հաստատող վկայականի: Հանձնաժողովի վերոնշյալ անդամների նկատմամբ նույնպես պատիժ չի կիրառվել, բողոքը մերժվել է:

№159 և №160 բողոքները վերաբերում են թիվ 46 ընտրատեղամասի (գյուղ Բեժանո) աշխատանքին: Երկու բողոքներն էլ գրվել էին քրիստոնեա-պահպանողական կուսակցության անդամ, միասնական ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Մկոյանի կողմից: Մի բողոքում պահանջվում էր, որ պատասխանատվության ենթարկեն ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Եգունգյանին՝ նրա և « Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանձնաժողովի անդամ Գոչա Տալախաձեի միջև տեղի ունեցած միջադեպի համար: ՇԸՀ-ի կողմից ընտրված Ռուբիկ Եգունյանին չենթարկեցին կարգապահական պատասխանատվության: Հարկ է նշել, որ այս միջադեպի առնչությամբ 187-րդ հոդվածի 1-ին մասով (Մեկ ուրիշի առարկայի վնասում կամ ոչնչացում, ինչը նշանակալից վնաս է առաջացրել) հարուցվել է քրեական գործ:

Չի բավարարվել նաև №165 բողոքը, թիվ 27 ընտրատեղամաս (Մուրջախեթ): «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման դիտորդը գրում է, որ ընտրատեղամասում ալկոհոլ է եղել, և դա խոչընդոտել է ընտրական գործընթացին: Դիտորդին ևս հրավիրել են խմել իրենց հետ: Բողոքում պահանջվում էր հանձնաժողովի անդամների վարչական պատասխանատվությունը, որը չի բավարարվել:

Հոկտեմբերի 31-ին կայացած ՇԸՀ-ի նիստում «Բազմազգ Վրաստան»- կողմից մեկ բողոք առանց քննարկման է մնացել այն պատճառով, որ այն գրվել է ոչ իրավասու անձի կողմից: Իսկ ISFED- ի 3 բողոքների քննարկումը հետաձգվել է, քանի որ Հանձնաժողովն իրավունք ունի քննարկել այդ բողոքները 1ամսվա ընթացքում:

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին, Ախալքալաքի ՇԸՀ-ում գրանցված «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանձնաժողովի անդամ Թեոնա Ճալիձեի 2 բողոքները հոկտեմբեր 31-ին Ախալքալաքի ՇԸՀ-ում չեն քննարկվել, և այս պահին դրանք այլևս ԿԸՀ-ի կայքի բողոքների ռեեստրում չկան, չնայած հոկտեմբերի 30-ին դրանք այնտեղ կային: