Ընտրությունների օրը Ախալքալաքի մունիցիպալիտետում մենք արձանագրել ենք 3 միջադեպ: Մեկի դեպքում հարուցվել է քրեական գործ, մնացած երկուսի դեպքում իրականացվում է նախաքննչական գործողություն:

Երեկ, ընտրությունների ժամանակ, առավոտյան ժամը 10-ին Բեժանո գյուղում, №46 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Եգունյանի և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանձնաժողովի անդամ Գոչա Տալախաձեի միջև տեղի էր ունեցել միջադեպ: Գոչա Տալախաձեի խոսքով, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Եգունյանը կոտրել է իր հեռախոսը:

Հետո ևս երկու միջադեպ է տեղի ունեցել: Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովում, առաջին միջադեպը կրկին տեղի է ունեցել «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Թեոնա Ճալիձեի եւ հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանի միջեւ: Բանավոր բախումներից հետո, ըստ Թեոնա Ճալիձեի, Հասմիկ Մառանգոզյանը քաշել է իր մազերը: Հասմիկ Մառանգոզյանը ասում է, որ Ճալիձեն փորձել է ճղել արձանագրությունը:

Ախալքալաքի №40 Շրջանային ընտրական հանձնաժողովում երկրորդ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 22:00-ին: Եկել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մեգի Գոցիրիձեն, ով աղմուկ է բարձրացրել՝ հանձնաժողովի անդամներին կեղծարարներ անվանելով, դրա հետ մեկտեղ բազմաթիվ մեղադրանքներ է հղել Հասմիկ Մառանգոզյանի հասցեին:

Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է այս 3 միջադեպերը, որոնցից մեկի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Բեժանո գյուղում 187-րդ հոդվածի առաջին մասի հիման վրա գործ է հարուցվել(Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել)՝ կոտրված հեռախոսի առթիվ, իսկ ՇԸԿ-ի միջադեպերի հետ կապված ընթանում է նախաքննություն: Ոստիկանությունը միջադեպի ժամանակ ներկա է գտնվել եւ եթե հիմք լինի, կձեռնարկվեն համապատասխանաբար իրավական գործողություններ: Այս երկու գործերը քրեական չեն», – մեկնաբանում են Վրաստանի ՆԳՆ-ում:

Հարկ է նշել, որ ամբողջ Վրաստանում ՆԳՆ-ի կողմից 7 իրավախախտում է գրանցվել. Բաթումիում, Մառնեուլիում, Սիղնաղիում, Կասպիում, Սամտրեդիայում և Ախալքալաքում: