Ըստ նախնական գնահատականների, հայկական համայնքը Վրաստանի խորհրդարանում կներկայացվի 2 պատգամավորով, երկուսն էլ իշխող կուսակցությունից են՝ մեկը Ախալքալաք-Նինոծմինդա ընտրաշրջանից մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուսը՝ համամասնական ընտրակարգով, նույնպես Ջավախքից: Պատգամավորության ընդդիմադիր թեկնածուների միջև հայեր չկան:
Վրաստանի օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցող սուբյեկտների ուղիղ կեսը իրենց կուսակցական ցուցակներում ունեն Վրաստանի հայ համայնքը ներկայացնող թեկնածուներ: 48 կուսակցություններից և 2 դաշինքներից միայն 25-ն են իրենց ընտրացուցակներում հայկական ազգանուններ ունեցել: Արդյունքում, հայկական ազգանուններով 62 թեկնածուներից միայն 2-ն են անցել խորհրդարան՝ իշխող «Վրացական երազանք-ժովրդավարական Վրաստան» կուսակցությունից: Երկու պատգամավորներն էլ ներկայացնում են Ջավախքը, մեկը ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, երկրորդը կուսակցական ցուցակով առաջադրվել էր 37-րդ համարի ներքո, և քանի որ «Վրացական երազանքը» կուսակցության ցուցակի համար ստանում է 61 մանդատ, Սումբատ Կյուրեղյանը կմտնի խորհրդարան:
Մինչև 2020 թվականը երկրի խորհրդարանում կար Վրաստանի հայ համայնքի 3 ներկայացուցիչ՝ 2-ը Ջավախքից և 1-ը Թբիլիսիից: Այսինքն՝ նոր գումարման ժամանակ ոչ ոք չի ներկայացնի թբիլիսահայերի շահերը խորհրդարանում:
Նման արդյունքը կանխատեսելի էր դեռ ընտրություններից առաջ, կուսակցական ցուցակները ուսումնասիրելիս: Կուսակցական ցուցակներում առաջին 30-ը ներառում էին հայազգի մոտ 10 թեկնածու: Հայկական անուններով 35 թեկնածուներ ընդգրկված են կուսակցության ցուցակներում առաջին 100 համարում, իսկ 16-ը նույնիսկ ընդգրկված չեն առաջին 100-ում: Որքան բարձր է թեկնածուի կուսակցական ցուցակներում ընտրահամարը, այնքան քիչ հավանական է խորհրդարան անցնելը:
Նշենք, որ ընտրությունների արդյունքում նվազել է նաև պատգամավորների թիվը, որոնք ներկայացնում են Վրաստանի ամենամեծ, կոմպակտ բնակվող էթնիկ փոքրամասնությունին` ադրբեջանցիներին: Եթե ավելի վաղ Վրաստանի խորհրդարանում Վրաստանում 4 ադրբեջանցի կար, ապա այս գումարման ժամանակ, ըստ նախնական գնահատականների, կլինեն 3 ադրբեջանցի պատգամավորներ, երկուսն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և մեկը «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից: Այս կուսակցությունը առաջադրել է անկուսակցական Աբդուլ Իսմայիլովին 17-րդ համարի ներքո և, ստանալով 34 մանդատ, հնարավորություն ունի նրան անցկացնել խորհրդարան: Մինչդեռ «Միասնական ազգային շարժման» հայազգի թեկնածու Մելիք Ռաիսյանը ցուցակներում ընդգրկվել էր 51-րդ համարի ներքո, իսկ մյուս թեկնածու Թագուհի Վարդանյանը՝ 80-րդ: Որպեսզի Մելիք Ռաիսյանը կուսակցական ցուցակներից անցներ խորհրդարան, դաշինքին հարկավոր էր հավաքել ձայների շուրջ 45%-ը: