Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 166-րդ՝ «Մանր խուլիգանություն» հոդվածի համաձայն, կազմվել է արձանագրություն «Ուժը միասնության մեջ է» ընդդիմական դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի և դաշինքի ակտիվիստ Միշա Աղաբաբյանի նկատմամբ:

Ինչպես հաղորդեցին jnews–ին Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում, արձանագրությունը կազմվել է այն փաստով, որ հոկտեմբերի 30-ի գիշերը ՄԱՇ-ի այդ ակտիվիստները պաստառներ են պատռել և բանավոր վիրավորանք են հասցրել բենզալցակայանի օպերատորներին:

Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածը նախատեսում է տուգանք 500-ից մինչեւ 1000 լարի, կամ եթե պատիժը համարվի անբավարար՝ ելնելով այն իրավիճակից որում կատարվել է խախտումը կամ խախտման մեջ ներգրավված անձինք, կարող է կիրառվել մինչև 15 օր վարչական կալանք: Այս գործի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի դատարանի կողմից:

Հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուքից հետո, իրավախախտման արձանագրության կազմման հիմք ծառայեցին Մկոյանների կողմից տրամադրված տեսանյութերը: Ծեծկռտուքի արդյունքում ՄԱՇ-ի 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել: Մկոյանները բացատրում էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին ՄԱՇ-ի ակտիվիստների կողմից կատարված սադրանքների պատճառով: