Նոյեմբերի 3-ին, «Վրացական երազանք»-ի կողմից ընտրված խորհրարանի պատգամավորներ՝ Գիորգի Վոլսկին, Կախա Օքրիաշվիլին, Արչիլ Թալաքվաձեն, Հենզել Մկոյանը և այլոք, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի շտաբի մոտ հանդիպեցին բնակչության հետ և իրենց աջակցությունը ցուցաբերեցին Հենզել Մկոյանին:
Պատգամավորների հետ հանդիպմանը հիմնականում հավաքվել էին «Վրացական երազանքի» կողմնակիցները:
Գիորգի Վոլսկին հավաքվածներին ողջունեց.
«Այս տարածաշրջանի կայունությունն արտահայտվում է նրանով, որ փոքրիկ Վրաստանը պահպանել է կայուն զարգացման հնարավորություն: Վերջերս մենք տեսանք, թե ինչ սադրանքներ եղան այստեղ, լավ է, որ մենք ողջամտորեն ենք մոտենում այդ սաադրանքներին, բայց այդ սադրանքները կարող են կրկնվել: Դա մեր ճանապարհը չէ, մեր ուղին չէ: Մեր ուղին՝ մեր երեխաների, մեր ընտանիքների համար կայունության զարգացումն է: Դուք ընտրություն եք կատարում կայունության, զարգացման և սադրանքների միջև », – ասաց Գիորգի Վոլսկին:
Այնուհետև ելույթ ունեցավ պատգամավոր, PSP դեղագործական ընկերության հիմնադիր Կախա Օքրիաշվիլին.
«Մենք թույլ չենք տա որևէ մեկին ոտնահարել մեր Հենզելին: Մարդիկ ասում են, որ դա քաղաքականություն է, բայց դա քաղաքականություն չէ: Բենզալցակայաններում պաստառներ պատռելը քաղաքականություն չէ, քաղաքականությունը վիրավորանք չէ: Քաղաքականությունն այն է, երբ գալիս ես և քվեարկում: Հիմա գնում ենք երկրորդ փուլ: Բոլորն ասում են ինչու երկրորդ փուլ, իսկ ես միշտ գիտեի, որ կլինի երկրորդ փուլ: Շնորհակալություն, որ սիրում եք Հենզելին: Ոչ մի մարդ դեռ 5 անգամ չի ընտրվել: Մենք անպայման հաղթելու ենք », – ասաց Կախա Օքրիաշվիլին:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, պատգամավոր Արչիլ Թալակվաձեն նույնպես ելույթ ունեցավ: Հանդիպումն ավարտվեց պատգամավոր Հենզել Մկոյանի ելույթով, ով ասաց, որ նրանք թույլ չեն տա, որ վիրավորեն նրանց կողմից աջակցված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլուն, ինչպես նաև խոսեց վերջին միջադեպի մասին:
«Նրանք այսօր Թբիլիսիում են և գտնվում են հիվանդանոցում, իբր վատ են զգում իրենց: Եվ նրանք անհիմն մեղադրում են ինձ, իսկ նրանք մեղավոր չեն: Դուք մի մոռացեք, որ նրանք գողեր են, նրանք ձեզնից են գողացել: Երբ եղբայրը դատախազ էր, նա ամեն խանութից վերցնում էր 100 ռուբլի, իսկ երբ առևտրականները դժգոհում էին առևտրի պակասից, նա ասում էր, որ իրեն տանեն մի տուփ «Marlboro» ծխախոտ, ու հետո վաճառում էր այդ ամենը: Այնուհետև, երրորդ ժամկետ մնալու համար, նրանք պայթեցրին իրենց տունն ու մեքենան: Մի մոռացեք, նրանք գազի փոխարեն 20 տարի Ձեզ վաճառել են օդ», – ասաց Հենզել Մկոյանը:
Հենզել Մկոյանի ելույթից հետո հյուրերը բարձրացան «Վրացական երազանքի» շտաբ, իսկ մարդիկ ցրվեցին:
Շուշան Շիրինյան