Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Մարտուն Մկոյանը կորցրել է դրամապանակը: Վերջինիս դրամապանակը գտել են շտաբում և այն գտնվում է Նիկա Մելիայի մոտ: Մարտուն Մկոյանը ոստիկանությանն է դիմել անձնագիրը վերադարձնելու համար:
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Մարտուն Մկոյանը ասեց, որ հոկտեմբերի 30-ին, միջադեպի ժամանակ կորցրել է դրամապանակը բանկային քարտերով, ավելի ուշ արգելափակել է քարտերը:
Նույն օրը, երեկոյան Հենզել Մկոյանը հայտարարեց, որ եղբոր դրամապանակում եղել է նաև 5000 եվրո, 500-անոց եվրոներով:
«Այս նույն կոստյումս էի հագած, տեսեք մի գրպանը կա, մյուսը չկա: Ես Թիֆլիս էի գնում Հենզելենց տան դիմաց էի, վիճաբանությունը լսեցի և մոտեցա տեսնեմ ինչ է կատարվում, տեսա որ մեր ակտիվիստների ու իրանց միջև կռիվ է գնում: Ռայիսյան Աշոտը հեռախոսով էր խոսում, ասի երիտասարդ, գիշերը ինչ-որ արեցիր և հիմա ինչ-որ կատարվում է լավ բանի չի բերի, ներողություն խնդրի, քաղաքի մարդ ենք, վաղը իրար երես ենք նայելու: Ինքը ասաց, որ իր խոսքերը ասել է, լավ է արել ու իր խոսքերին տեր է մինչև վերջ: Ինձեն 30 տարի փոքր է ու վրաս հարձակվեց: Կամերաները նկարել են, ես ոչ ատրճանակ եմ ունեցել, ոչ էլ օգտագործում եմ, իմ հիմնարկի աշխատողները բոլորը գիտեն, որ ես ատրճանակ չեմ օգտագործում, բոլորը կարող են դա ապացուցել», – ասում է նա:
Դրամապանակի մեջ եղել է փող և բանկային քարտեր:
«Դրամապանակիս մեջ 4 հատ սաքարթվելոյի քարտ կա, անձնագիրս և վարորդական վկայականս, 5000 եվրո, 500-անոց փող, իմն է եղել և գրպանիցս հանել են, ինչ են արել, ես չգիտեմ, իրենց մոտ է հիմա դրամապանակս: Երեկ մի սադրիչ Թբիլիսիից հանել է ցուցադրում է թե 123 000 թիվ է գրած, ցույց է տալիս: Ես այսօր 340 000 լարի փող կտեղափոխեմ վառելիքին, ես բիզնես եմ անում: Մաքուր պրովոկացիա էր, դրա համար էլ կռիվ ստացվեց: Ես ոստիկանությանն էլ ասացի որ անձնագիրս վերադարձնեն, ես բիզնեսմեն եմ, անընդհատ փոխանցումներ եմ անում, 300 հոգի աշխատող ունեմ: Երկու օր է գրաֆիկիցս դուրս եմ ընկել», – մեզ հետ զրույցում ասաց Մարտուն Մկոյանը:
Երեկ Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբում Նիկա Մելիան հայտարարեց.
«Վրաստանի խորհրդարանի պատգամավորի եղբայրը շտաբ է եկել և ֆիզիկական բռնություն է գործադրել, մենք գտել ենք դրամապանակը, որի մեջ փաստաթղթերն են, խնդրեմ իրեն անձնագիրը, վարորդական իրավունքը, բանկային քարտերը, ինչպես նաև կա չեկ, որով ինչ-որ բան է մուծել, որի հետևում գրած է ավտոմեքենայի համարանիշ: Գրիգոլ Վաշաձեի Ախալքալաքի նախընտրական շտաբի մեծի մեքենայի համարներն են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հարձակումը կազմակերպված էր: Կա նաև այլ թուղթ, որի վրա գրած է կոնկրետ գյուղ, կոնկրետ գումար, երևի ընտրությունների համար են տվել, կամ պատրաստվում են տալ: Սա փաստ է, որ «Վրացական երազանքը» չասի, որ տեղում ոչ պատգամավորն է եղել, ոչ էլ եղբայրը, ոչ ոքի մտքով չանցնի, որ այս փաստաթղթերը Հենզել Մկոյանի տնից եմ գողացել: Այդ իսկ պատճառով հիմա ես իմ մոտ կպահեմ, և հույս ունեմ, որ մի քանի ժամվա ընթացքում կձերբակալեն պատգամավորի եղբորը: Սա է երազանքը, սա է կառավարությունը», – հայտարարեց Նիկա Մելիան: