1989 թվականի ապրիլի 9-ի լուսադեմին, խորհրդային բանակը ցրեցին խաղաղ ցույցը Թբիլիսիի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ ծագման գազից։ Այսօր՝ 35 տարի անց, Ախալքալաքում ևս հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

9aprili6

Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական ներդաշնակության և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Միևնույն ժամանակ սա Վրաստանի անկախության վերականգնման օրն է։

Ախալքալաքում Ապրիլի 9-ի զոհերի հուշարձանի մոտ էին եկել տեղական իշխանությունների, տարբեր պետական կառույցների աշխատակիցներ, տարբեր դպրոցների դպրոցականներ, ինչպես նաև ՀԱԵ Ախալքալաքի թեմի հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Նշան վրդ. Հմայակյանը և Տեր Նարեկ քհն. Տիգրանյանը, ՎՈՒԵ հոգևորականներ՝ հարգելու զոհվածների հիշատակը: Մարդիկ գալիս էին ծաղիկներով, ծաղկեպսակներով ու մոմերով։

9april4

9aprili5

Քահանաները՝ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ և ՎՈՒԵ Սուրբ Սինոդի անդամ Նիկոլոզ Պաճուաշվիլիի գլխավորությամբ, պատարագ մատուցեցին։ Միտրոպոլիտ Նիկոլոզը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին տարեցտարի այս վայրում հավաքվելու և 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել վրացի և հայ ժողովրդի ցավակցությունները, այսօր սգո օր է, բայց նաև հաղթանակի օր, ուստի և քրիստոնեությունը հենց դա է, և մենք դա մեկ անգամ չէ, որ տեսել ենք Վրաստանի և Հայաստանի պատմության մեջ՝ անգամ ուժով և մարդաքանակով գերակշռող թշնամին երբեք չէր կարող կոտրել քրիստոնեական ոգին… Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ այս քաղաքում, որտեղ իրական մրցակցություն կա, թե ով է ավելի շատ սեր հայտնելու մեկը մյուսի հանդեպ, մենք մրցում ենք դրանում, և սա լավագույն մրցակցությունն է, որը կարող է գոյություն ունենալ աշխարհում»,- ասաց Միտրոպոլիտը։

9april3

Հուշարձանի մոտ երեխաները բանաստեղծություններ արտասանեցին:

9april2

9aprelya

1989 թվականի ապրիլի 9-ը շրջադարձային դարձավ Վրաստանի համար։ Այդ պահից սկսվեց վրացական հասարակության համախմբման գործընթացը ազգային անկախության և վրացական պետականության վերականգնման գաղափարի շուրջ։

Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին՝ 1918 թ.-ի մայիսի 26-ի Վրաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման ակտի հիման վրա:

Որոշումն ընդունվել է 1991 թվականի մարտի 31-ին անցկացված համապետական հանրաքվեի հիման վրա, որի ժամանակ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել անկախության հռչակմանը և ԽՍՀՄ-ից Վրաստանի դուրս գալուն։