Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքապետարանի շենքում Վրաստանի մեղվաբույծների ասոցիացիան, Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, անցկացրեց թրեյնինգ «Մեղվաբուծությունն և բուժման ու կանխարգելման ժամանակակից մեթոդների օգտագործումը» թեմայով:

Հավաքվել էր շուրջ 45 մեղվաբույծ: Թրեյնինգի նպատակն էր մեղվաբույծներին ծանոթացնել վնասատուների դեմ պայքարի մեթոդներին, մասնավորապես` մեղուների վարոատոզի բուժման մեթոդներին:

Թրեյնինգը վարում էր մեղվաբույծ, ինքնուսույց Կասպիկ Մկոյանը, ում ժառանգաբար էր փոխանցվել այդ մասնագիտությունը: Վերջին տարիներին Ախալքալաքի մեղվաբույծները շատ լուրջ խնդիր ունեն, մեղուները սատկում են, արդեն մի քանի տարի է նրանք քիչ մեղր են ստանում: Մեղվաբույծներն եկել էին թրեյնինգի և հույս ունեին ընթացքում իմանալ մեղուների վնասատուների դեմ պայքարի նոր մեթոդների մասին: Թրեյնինգը տեւեց մեկուկես ժամ:

Դասընթացավար Կասպիկ Մկոյանն ասաց, որ մեղվաբույծները շատ հետաքրքրված էին և շատ հարցեր էին տալիս: Նրա խոսքով, յուրաքանչյուր մեղվաբույծ աշխատանքի իր ձևն ունի, և որ նման հանդիպումները շատ կարևոր են նրանց համար:

«Թրեյնինգը հիմնականում վերաբերում էր այն բանին, թե ինչպես ընտրել դեղամիջոցները, որպեսզի դրանք էկոլոգիապես մաքուր լինեն: Հետո մեղվաբույծների միջև տեղեկատվության փոխանակումը նույնպես արդյունավետ է նրանց համար: Ներկաներից ոմանք սիրողական մակարդակով էին զբաղվում մեղվաբուծությամբ, ոմանք է` պրոֆեսիոնալ », – ասաց Կասպիկ Մկոյանը:

Նա նշեց, որ Ջավախքում մեղվաբույծներն արդեն տարիքով են, մասնագիտությունը ծերանում է, երիտասարդները չեն ցանկանում զբաղվել մեղվաբուծությամբ:

Իսրայել Մինասյանը 20 տարի է զբաղվում է մեղվաբուծությամբ: Նա եկել էր տեղեկատվություն ստանալու, այլոց հետ շփվելու համար:

«1980 թվականից ես մեղվաբուծությամբ եմ զբաղվում, պապս էլ էր զբաղվում, հետո նաև հայրս, հիմա՝ ես : Թրեյնինգից մեծ սպասելիքներ ունեմ, ուզում եմ իմանալ նորությունները, զրուցել գործընկերներիս հետ, քանի որ մեղվաբուծության մեջ, որքան էլ շատ բան իմանաս, միևնույն է, էլի քիչ է։ Ես կցանկանայի էի սովորել, թե ինչպես վարվել կարտոֆիլագործների դեղերի հետ, որոնք շատ են վնասում մեղուներին: Մենք նույնիսկ գյուղատնտես չունենք, իսկ մարդիկ կարտոֆիլի պարարտանյութերը անխնա օգտագործում են դաշտերում, այս ամենը վնասում է մեղուներին », – ասում է Իսրայել Մինասյանը։

Սակայն ոմանք նոր բան չսովորեցին, այն ամենը, ինչի մասին խոսվեց, նրանք արդեն գիտեին:

«Ես ուզում էի իմանալ, թե ինչպես վարվել վնասատուի դեմ: Նա ասաց այն, ինչ գիտեր, բայց կան չափազանց շատ մեթոդներ, մեզ պետք է բոլորի մասին իմանալ, որպեսզի հետո ընտրություն կատարենք: Այն, ինչ ես ուզում էի իմանալ, չիմացա »,֊ ասաց մեկ այլ մեղվաբույծ, ով չցանկացավ ներկայանալ:

Այնուամենայնիվ, մասնակիցները, միևնույն է, գնահատեցին, որ դա լավ հարթակ էր հավաքվելու, քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար: