Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում աղբամաններ չկան: Գյուղացիներն աղբը գյուղից դուրս են բերում իրենք՝ սեփական մեքենաներով: Տեղական իշխանությունները դեռ միջոցներ չունեն այս խնդիրը լուծելու համար:
Ինչպես Ախալքալաքի քաղաքապետարանի շատ գյուղերում, այնպես էլ Մերենիա գյուղում մշտապես աղբահանության խնդիրը առկա է: Գյուղացիները չգիտեն, թե որտեղ այն թափեն, քանի որ գյուղում աղբարկղերը բացակայում են: Ըստ գյուղացիների՝ իրենք աղբը չեն թափում որտեղ պատահի, յուրաքանչյուր ընտանիք աղբը հավաքում են իրենց տան մոտ՝ պարկերի կամ տուփերի մեջ, այնուհետև տարհանում են սեփական մեքենաներով: Նրանց, ովքեր մեքենա չունեն, օգնում են հարեւաններն ու ծանոթները: Գյուղացիները դժգոհում են, որ այս հարցով իրենք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց նրանց խնդիրը դեռևս լուծված չէ:
«Աղբը հավաքում ենք բակում, հետո դուրս ենք տանում և աղբարկղերի մեջ նետում, կամ քաղաքում, կամ Բարալեթում», – ասում է գյուղի բնակիչ Մխիթար Ջեյրանյանը:
Ըստ Մերենիա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Սերգեյ Քաղքցյանի, այս հարցով նա դիմել է քաղաքապետարան և Սպասարկման կենտրոն, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կլուծվի այս խնդիրը:
«Սպասարկման կենտրոնում ինձ ասացին, որ այս փուլում թե աղբամաններ, և թե աղբատար մեքենաներ չկան: Հենց հնարավորություն լինի, նրանք կլուծեն այս հարցը», – ասում է նա:
Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, իրենք այդ խնդիրը քննարկել էին դեռ 2020 թվականին: Շատ գյուղերում անհրաժեշտ է տեղադրել աղբամաններ, սակայն, այս պահի դրությամբ Սպասարկման կենտրոնը նման հնարավորություն չունի`հ ամապատասխան տեխնիկայի և աղբարկղերի բացակայության պատճառով:
«Մենք դեռ միջոցներ չունենք, բայց հենց որ մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորում լինի, գյուղերում կտեղադրենք աղբամաններ», – ասում է նա: