Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղիղ եթերում հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նա իր ուղերձում նշել է, որ հրաժարականի նպատակը Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է։
«Այս հրաժարականի նպատակը ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, և ամբողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», – ասել է Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը. իր հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ ԱԺ-ում վարչապետ չի ընտրվում, ինչից հետո խորհրդարանն արձակվում է և երկրի նախագահի կողմից նշանակվում են արտահերթ ընտրություններ:
«Այս ընթացքում կառավարության անդամները և ես կատարելու ենք մեր պարտականությունները, և եթե դեկտեմբերին կայանալիք ընտրութույուններում վստահության քվե տաք իմ քաղաքական ուժին, ապա ես դարձյալ կընտրվեմ վարչապետի պաշտոնում», – ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեցին, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն էլ հուշագիր ստորագրեց Փաշինյանի հետ, որով պարտավորվում են չառաջադրել վարչապետի թեկնածու և չաջակցել որևէ այլ ուժի առաջադրած վարչապետի թեկնածուին: