“Հոգեկան առողջության պետական ծրագիրը” Ախալքալաքում չի գործում քանի որ այստեղ մասնագետներ չկան, հիվանդները ստիպված են դիմել այլ քաղաքներ և հիվանդանոցներ։
“Հոգեկան առողջության պետական ծրագրում” Ախալքալաքի մունիցիպալիտետից գրանցված հիվանդների քանակը հետևյալն է՝ 2011թ. – 88, 2012թ. – 114, 2013թ. – 108, 2014թ. – 107, 2015թ. – 108, 2016թ. – 107, 2017թ․ – 108, 2018թ․ – 91 շահառու։ Իսկ իրականում այդ խնդրով հիվանդները ավելի շատ են: Շատերը այլ քաղաքներ հնարավորություն չունեն տանելու հիվանդին և նրանք չեն կարող օգտվել պետական ծրագրից:
Վերոնշյալ ծրագրի նպատակն է ֆինանսական աջակցության ցուցաբերում և հիվանդների համար ավելի մոտ տարածքներում գտնվող հիվանդանոցներում ծառայության ապահովում։ Ծրագրից կարող է օգտվել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի։
Այն իր մեջ ներառում է՝ հիվանդի հետ առաջիկա շրջանում խորհրդատվության անցկացում, հիվանդի ստուգում և ախտորոշում, բուժում, բժիշկ-հոգեբանի կողմից նշանակված դեղորայքի տրամադրում, շարունակական խնամք, սոցիալական աջակցություն և տնայց, 4 այց երկու ամսվա ընթացքում։
Սակայն այս նախագծից չեն կարող օգտվել ոչ Ախալքալաքի, ոչ էլ Նինոծմինդայի հոսպիտալներում, քանի որ չկան համապատասխան մասնագետներ, և այդ ծառայությունից օգտվելու համար բնակիչները ստիպված են գնալ Ախալցիխե կամ այլ քաղաքներ։
Ախալքալքի հիվանադանոցում գրանցված անձիք բժշկական ծառայություններից օգտվելու համար դիմում են “Էվեքսի” Ախալցիխեյի մասնաճյուղ։
Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը ասաց, որ այդ հարցի շուրջ շատ անգամ են ունեցել քննարկումներ, սակայն դեռ ապարդյուն։
“Մենք շատ երկար ենք պայքարել, դիմել, որպեսզի Ախալցիխեյի մասնագետներից մեկը շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ գան մեր հոսպիտալ և տեղում մատուցեն ծառայություն, քանի որ այդպիսի խնդիր ունեցող անձանց համար շատ դժվար է այդքան երկար ճանապարհ գնալ, մենակ էլ չեն կարող գնալ, ինչ որ մեկը պետք է ուղեկցի նրանց։ Սակայն, ցավոք սրտի մասնագետները չցանկացան գալ այստեղ աշխատել և մինչև հիմա մենք չունենք համապատասխան մասնագետ և կանգնած ենք այդ խնդրի առջև”, – ասաց Ալեքսան Թորոյանը։
Թորոյանը նշեց նաև, որ ինքը տեղյակ է, որ առողջապահական ծրագրում նշված է, որ յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ապահովված լինի համապատասխան մասնագետով։
Գայանե Ակոջյան