Ախալքալաքի որոշ խանութներում վաճառվում է նաև ժամկետն անց սննդամթերք։ Ոչ բոլոր գնորդներն են ուշադրություն դարձնում ապրանքների պահպանման ժամկետին ինչն էլ ավելի է հեշտացնում նմանատիպ ապրանքների իրացումը։
Ախալքալաքի 6 խանութներում անցկացրինք ժամկետն անց սննդամթերքի վաճառքի մոնիտորինգ: Ինչպես պարզվեց 2 խանութներում, որտեղ գրեթե միշտ ակտիվ առևտուր է լինում, վաճառվում է ժամկետն անց ապրանք։ Տեղում ականատես եղանք ժամկետն անց չրեղենի և ձկնկիթի վաճառքին։ Փորձեցինք թեմայի վերաբերյալ զրուցել տվյալ խանութի մենեջերի հետ, սակայն նա կտրականապես հրաժարվեց բացատրություններից։
«Հիմնականում ընկերությունները ժամկետն անց ապրանքները հետ են վերցնում, իսկ եթե ոչ ապա ոչնչացնում ենք», – մնացած 4 խանութների մենեջերները հնչեցրին այս պատասխանը։
«Մենք չենք վաճառքի դնում ժամկետն անց ապրանք, բայց եթե ստացվի, որ դեռ չենք վերցրել, ապա վաճառողները անպայման զգուշացնում են հաճախորդներին», – մեզ հետ զրույցում ասաց խանութի մենեջեր Վլադիմիր Այվազյանը։
Հարցումներ անցկացրեցինք նաև գնորդների շրջանում պարզելու համար թե արդյոք նայում են ապրանքների ժամկետին, կամ երբևէ իրենց հանդիպել է ժամկետն անց ապրանքներ։ Հարցման արդյունքում պարզվեց, որ ոչ բոլորն են ուշադրություն դարձնում պահպանման ժամկետին, իսկ եթե անգան նայում են, ապա հիմնականում կաթնամթերքին։
«Ես այնքան եմ վստահում խանութին ու աշխատողներին, որ անգամ չեմ հարցնում», – ասաց խանութի հաճախորդը։
Մարդկանց հանդեպ վստահությունը իհարկե դրական երևույթ է, սակայն երբ հարցը վերաբերվում է սննդամթերքի պահպանման ժամկետին, ճիշտ կլինի ևս մեկ անգամ ստուգել՝ հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար։
Ջուլիետա Տոնականյան