Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայում դեկտեմբերին բացվեց հեմոդիալիզի բուժսենյակ, որտեղ երկու հերթափոխով սպասարկում են 8 հիվանդի։ Քանի որ հեմոդիալիզի ընդամենը 4 սարքավորում կա, ևս երկուսը ստացել են։
Հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն ուրախությամբ է նշում, որ անհամբերությամբ սպասում են ինժիներներին, որպեսզի նոր ստացած սարքավորումները տեղադրեն։
«Մենք արդեն ստացել ենք դիալիզի երկու սարքավորում, սպասում ենք ինժիներների այցին, որպեսզի վերջացնեն մոնտաժման աշխատանքները, կստանանք նաև մահճակալները մոտակա օրերին և կկարողանանք ևս չորս հիվանդի սպասարկել, այսինքն՝ եթե հիմա 8 հիվանդ է դիալիզ ստանում, ապա շուտով 12 հիվանդ կկարողանա ստանալ դիալիզ», – ասաց Թորոյանը։
Հիմա հիվանդներն Ախալքալաքում հեմոդիալիզ ստանում են շաբաթվա մեջ երեք օր՝ եթեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Ինչպես նշում է Թորոյանը, նրանց գլխավոր նպատակն է, որ փուլ առ փուլ ավելացնեն դիալիզի սարքավորումների քանակը, որպեսզի կարողանան սպասարկել բոլոր հիվանդներին, թե՛ Ախալքալաքից, և թե՛ Նինոծմինդայից։
Հեմոդիալիզ անցկացնելու համար շաբաթվա երեք օրը բժիշկները Ախալցիխեից են գալիս Ախալքալաք։
«Շատ խնդրահարույց է այդ հարցը։ Մենք պայմանավորվածություն ունենք մեր երեք բժիշկների հետ, մեկն արդեն անցնում է վերապատրաստման կուրսեր, որպեսզի ստանա կրտսեր բժշկի կարգավիճակ և երկու ամիս վերապատրաստումից հետո սկսի աշխատել ավագ բժշկի հսկողությամբ, երկրորդ բժիշկն ապրիլի կեսերից մինչև մայիս պետք է գնա ութամսյա վերապատրաստման, երրորդը՝ մարտ ամսին ստանալու է սերտիֆիակտը և նորից գնալու է ութ ամսյա վերապատրաստման», – հավելեց բժիշկը։
Հիվանդանոցի միջանցքում հանդիպեցինք մեր հերոսներից Կոլյա Մանասյանին, ով արդեն երկար տարիներ է հեմոդիալիզ է ստանում։ Ախալքալաքի հոսպիտալում հեմոդիալիզի կենտրոնի բացվելու օրվանից այնտեղ է ստանում։
«Գոհ եմ, լավ է, որ այստեղ է բացվել, մոտ է գնում գալիս ենք, լավ գիտեք, ահավոր հոգնում էինք այդ ճանապարհից, 4 ժամ հեմոդիալիզ ստանալուց հետո էլ ճանապարհին էին տանջվում», – ասում է Կոլյա Մանասյանը։
Նշենք, որ Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոնի բացումը տարիներ տևեց։ Ամեն անգամ մի խնդիր առաջանում էր, և 30-ից ավելի հիվանդներ շաբաթվա մեջ մի քանի անգամ ստիպված հասնում էին Ախալցիխե։ Հիմա կարծես այս հարցը հետզհետե լուծվում է, և մոտ ապագայում խնդիրն ամբողջությամբ կլուծվի։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝
Հեմոդիալիզի սարքավորումներն արդեն Ախալքալաքի կլինիկայում են
Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն է բացվել
Հեմոդիալիզի հիվանդասենյակը բաց է, սակայն խնդիրն ամբողջությամբ լուծված չէ