Ախալքալաքի հոսպիտալը չի կարողանում տարածք գտնել հեմոդիալիզի կենտրոնի բացման համար, պատասխանատու մարմինները դեռ մտորում են պատճառների մասին։
Քանի որ սեպտեմբերին չկայացավ հեմոդիալիզի բացումը Ախալքալաքի հոսպիտալում, ինչպես նախատեսված էր, և տեղում չկարողացանք ճշտել թե ինչու, սեպտեմբերի 7-ին դիմեցինք Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը: Պատասխան չստացանք դիմումի ընդունման կամ չնդունման վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 3-րդ գլխի, 27-րդ հոդվածի համաձայն 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է տրամադրվի հանրային տեղեկատվություն, միևնույնն է Նախարարությունը ոչ մի պատասխան չեր տրամադրել:
Սեպտեմբերի 27-ին զանգահարեցինք նախարարություն տեղեկանալու համար, արդյոք ինչ փուլում է դիմումի պատասխանը: Մեզ պատասխանեցին, որ նույն օրը երեկոյան դիմումի պատասխանը կուղարկեն։ Սակայն, սեպտեմբերի 28-ին առավոտյան մեզ պատասխան եկավ, որ դիմումը քննարկվում է և պատասխանը ավելի ուշ կլինի։
Փորձեցինք տեղեկանալ քաղաքապետ Յուրիկ Ունանյանից, թե արդյոք քաղաքապետարանում նորություններ կան այս հարցի վերաբերյալ, սակայն այնտեղ ևս սպասողական վիճակում են:
“Դիմումը ներկայացրել ենք, սակայն դեռ պատասխան չենք ստացել, երկար ժամանակ է չեն պատասխանում, երևի մտածելու առիթ է տվել”, – ասաց քաղաքապետը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր անցած նյութերում, հիվանդանոցից դիմել էին «Բժշկական շտապ օգնության կենտրոնին», որպեսզի հիվանդանոցի մոտ գտնվող իրենց շինությունը տրամադրեին հեմոդիալիզի կենտրոն բացելու համար, սակայն ինչ-ինչ խնդիրներով «Բժշկական շտապ օգնության կենտրոնը» հրաժարվել էր տրամադրել իր շինությունը։
Ախալքալաքում շատ են հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդները, ներկա դրությամբ գրանցված են 32 հիվանդ, շատերը ընտանիքներով տեղափոխվել են այլ քաղաքներ, որպեսզի կարողանան անընդհատ ստանալ դիալիզը, իսկ մնացածները ամեն շաբաթ 3 անգամ գնում են Ախալցիխե։
Գայանե Ակոջյան