Ախալքալաքում հասարակության մեջ տարածված կարծրատիպերից շատերն են թողնում բացասական, իսկ երբեմն նաև անդառնալի վատ հետևանքներ, սակայն ցավալին այն է, որ մարդիկ դեռ շարունակում են ապրել դրանց թելադրած պայմաններով, նույնիսկ այն ժամանակ երբ խոսքը վերաբերվում է սեփական առողջությանն ու կյանքին:

Jnews-ն այս անգամ առանձնացրել է գինեկոլոգի մոտ այցելությանը վերաբերող պատմություն, որն ուղեկցվում է արմատավորված կարծրատիպերով:

Մոտ երկու տարի առաջ էր, երբ սկսեցի զգալ սուր ցավեր: Այդ մասին ասացի մայրիկիս և տատիկիս՝ վախենալով, որ կարող է ինչ-որ լուրջ բան լինել, նրանք ասացին որ դա բնական է, այդպիսի ցավեր զգալը շատ նորմալ է աղջիկների համար, պետք է դիմանալ: Բայց զգում էի, որ ժամանակի հետ այդ ամենը սկսում է ինձ ավելի անհանգստացնել, բայց ինձ վրա ամենաշատն ազդեց այն փաստը, որ իմ ընտանիքի անդամներն ասում էին, որ եթե բժշկի գնամ և այդ մասին գյուղում իմանան, ապա կմտածեն, որ այլևս երեխաներ չեմ ունենա, հիվանդ եմ: Բարեկամներս այնքան էին այդպիսի բաներ ասել, որ ես էլ էի սկսել մտածել, որ գինեկոլոգի մոտ գնալը կարող է ճակատագրական լինել ինձ համար: Այս մասին մեզ հետ զրույցում պատմում է 20-ամյա Անին, ով ունեցել է մեծ չափսի թարախային հանգույց, ծնողները բժշկի են տարել այն ժամանակ, երբ ամեն րոպեն կարող էր ճակատագրական լինել նրա համար: Վիրահատական միջամտությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը և հիմա Անին սպասում է իր առաջնեկին:

Մեր հաջորդ հերոսի հետ կատարվածը գյուղում դարձել է քննարկման թեմա, երբ նրան տեսել են գինեկոլոգի սենյակի դիմաց: Որոշել էի ստուգումներ անցնել, հիվանդանոցում էի, հերթում կանգնած սպասում էի այդ ժամանակ ծանոթներիցս մեկին տեսա: Նա մոտեցավ ինձ և մի տեսակ քմծիծաղ տալով հարցրեց՝ ի՞նչ գործ ունի չամուսնացած աղջիկը գինեկոլոգի մոտ: Եվ ես արդեն պատկերացնում էի, թե մինչև տուն հասնելս ինչպիսի խոսակցություններ էին սպասվում գյուղացիների կողմից: Չնայած դրան մինչև օրս նա պարբերաբար ստուգումներ է անցնում, հետևելով իր առողջությանը:

Այս թեմայով Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Ասյա Գուլիևայի հետ: Այն հարցին, թե ինչպե՞ս է պետք պայքարել տարածված սխալ կարծրատիպերի դեմ, որոնք ամոթի և երբեմն նաև վախի զգացողություն են առաջացնում երիտասարդ աղջիկների շրջանում գինեկոլոգը պատասխանեց. կերպ

Այդ կարծրատիպերը շատ խորքային բնույթ են կրում: Դրանք երկար տարիներ է ինչ տարածված են մեր հասարակությունում, արմատավորված կարծրատիպերը խանգարում են մարդկանց բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին: Կարծում եմ, դրանց դեմ պայքարի հիմնական միջոցը ճիշտ տեղեկության տարածումն է տարբեր ճանապարհներով: Դա կլինի՝ մեդիա-հանդիպումներ, թրեյնինգներ, քննարկումներ տարբեր հարթակներում և այլն: Պետք է և ինչքան հնարավոր է շատ ակտիվություններ լինեն այդ ուղղությամբ, որպեսզի մարդիկ իրենց առողջական խնդիրները չընդունեն որպես ամոթ: Եվ գինեկոլոգի մոտ այցելությունն ընկալեն սովորական, ինչպես օրինակ՝ այլ մասնագետի:

Խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին շատ հետևողական լինել երեխաների առողջության հանդեպ՝ անտեսելով ցանկացած բամբասանք և սխալ կարծիք:

Լիդա Ալմասյան