Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է նախագահական ընտրությունների քվեարկության համար մոտ 40 երկրում բացել ընտրատեղամասեր: Այս մասին ճեպազրույցին հաղորդել է ԿԸՀ մամլո խոսնակ Աննա Միքելաձեն:
«ԿԸՀ-ն Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, նախատեսում է շուրջ 40 երկրում բացել ընտրատեղամասեր: Վրաստանի օրենսդրության համաձայն արտերկրում տեղակայված ընտրատեղամասերը կձևավորվեն սեպտեմբերի 28-ից ոչ ուշ: Նրանց հասցեներն անմիջապես կհրապարակվեն ԿԸՀ կայքում », – ասել է Միքելաձեն:
Վրաստանի քաղաքացիներն, ովքեր ունեն հյուպատոսական գրանցում կամ արտասահմանում գրանցված են որոշակի հասցեով, կարող են քվեարկել արտասահմանում:
Հյուպատոսական գրանցման համար հնարավոր է գրանցվել մինչ 2018 թվականի հոկտեմբերի 7-ը: Այս ընթացակարգն անվճար է: Այն հնարավոր է անցնել ինչպես Վրաստանի դիվանագիտական առաքելությունում, այնպես էլ առցանց՝ geoconsul.gov.ge. կայքում:
Վրաստանի նախագահի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: Այս պահին գրանցվել է 25 թեկնածու:
Նշենք, որ 2013 թ.-ի հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն արտերկրում բացել էր 55 ընտրատեղամաս: Ընտրատեղամասերը գործել են 37 երկրի 44 քաղաքում: