Ձայների հաշվարկն ավարտվելուց անմիջապես հետո Շրջանային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Պաատա Փանջիկիձեն ճեպազրույց անցկացրեց լրագրողների համար, ամփոփեց և մեկնաբանեց որոշ միջադեպեր:
«Ախալքալաքի տարածաշրջանի ընտրական հանձնաժողովում ընդգրկված բոլոր 70 ընտրատեղամասերը փակվել են իրենց ժամանակին: Բոլոր 70 տեղամասային հանձնաժողովների նախագահներն արձանագրությունները բերել են, հետո տեղի է ունեցել խորհրդակցություն: Տվյալներն ուղարկված են (ԿԸՀ), և մշակման գործընթացում են », – ասել է Պաատա Փանջիկիձեն:
Լրագրողների հարցին, թե ով է հաղթում Ախալքալաքի շրջանում, փոխնախագահը պատասխանեց, որ փաստաթղթերը դեռևս ստուգման փուլում են և ստույգ ասել, թե ով է հաղթել չի կարող, սակայն կրկնվող այդ հարցերին նա ասաց, որ առաջատարը Սալոմե Զուրաբիշվիլին է ու ամենայն հավանականությամբ երկրորդը կլինի Գրիգոլ Վաշաձեն:
Լրագրողների հարցին, թե որքան բողոք է արձանագրվել ՇԸՀ-ում, տեղակալը պատասխանեց, որ գրանցվել է ընդամենը 2 բողոք:
Վարչական ռեսուրսների վերաբերյալ հարցին հետևեց պատասխանը, որ այդ ռեսուրսը չի օգտագործվել, ամեն դեպքում դրա օգտագործման մասին տեղեկատվություն չկա:
Լրագրողները նաև հարցրեցին Բեժանո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, որի վերաբերյալ Պաատա Փանջիկիձեն պատասխանեց, որ իրենք խոսել են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ և նա իրենց ասել է, որ հանձնաժողովի անդամը հեռախոսով նկարահանել է ոչ հանրային տեղեկատվություն՝ ընտրացուցակները, ինչի իրավունքը չունի, ու ոչ ոք դրա իրավունքը չունի: «Նախագահը խանգարել է նրան դա անել, և նա մեղադրում է, որ կոտրել է իր հեռախոսը: Մենք ունենք 2 օր այս գործը քննելու համար»:
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ՇԸՀ-ում կատարված միջադեպը, Պաատա Փանջիկիձեն պատասխանեց.
«Նիստը սկսվեց շատ աղմկոտ, քանի որ ներկայացուցիչը ցանկանում էր ծանոթանալ արձանագրության հետ, ինչի իրավունքը նա չուներ », – ասաց նա: