Սեպտեմբերի 3-ից Վրաստանում ընդլայնվեց քրոնիկ հիվանդությունների դեղամիջոցների զեղչի ծրագիրը, եթե 2017 թվականից ծրագիրը ընդգրկում էր սոցիալապես անապահով անձանց, ապա հիմա զեղչերից կարող են օգտվել նաև թոշակառուները և սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Ախալքալաքում այդ ծրագրում գրանցվել են միայն 2 անձ:
Ախալքալաքի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ քրոնիկ հիվանդություններին առնչվող պետական ծրագիրը գործում է, սակայն դիմորդները քիչ են, ընդամենը երկու մարդ է դիմել, շաքարախտ հիվանդությամբ, այն էլ մեկի փաստաթղթերը հիվանդանոցում կիսատ են տրամադրել։
Սոցիալական ծառայության գործակալությունը Ախալքալաքի հիվանդանոցին տրամադրել է ինչպես յուրաքանչյուր անապահով ընտանիքի բալային քանակը, այնպես էլ դեղորայքների ցանկը։
Ախալքալաքի հիվանդանոցում տեղյակ են նախագծի մասին և ընտանիքի/գյուղի բժիշկը տրամադրում է դիմորդին հիվանդության N100 ձևը և դեղատոմսը։ Սակայն մարդիկ չեն դիմում այդ հարցով:
Յուրաքանչյուր տարիքի սոցիալապես անապահով անձիք, որոնց ընտանիքի վարկանիշը մինչև 100 000 բալ է կարող են օգտվել քրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցների ապահովման ծրագրից, նրանք կարող են ձեռքբերել կոնկրետ դեղամիջոցները սիմվոլիկ 1 լարիով։ Այս տարի ծրագիրն ընդլայնվեց և դրանից կարող են օգտվել նաև քրոնիկ հավանդություններով տառապող թոշակառուները և սահմանափակ հնարավորություններով մարդիկ, սակայն նրանց համար գործում են զեղչեր մոտ 50%:
Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի սոցիալական ծառայության գործակալությունից, նրանք ծրագրի ընդլայնման մասին հրամանը պաշտոնապես դեռ չեն ստացել և այստեղ դեռ գործառության մեջ չի մտել:
Ծրագիրն ընդգրկում է չորս հիվանդություն՝ սրտանոթային, թոքերի, վահանագեղձի և շաքարախտի 2-րդ կարգի (մինչև ինսուլինից կախվածություն)։
Ի՞նչ ընթացակարգեր են հարկավոր դեղորայքները ձեռք բերելու համար։
1. Դիմել ընտանիքի/գյուղի բժշկին կամ բժիշկ-փորձագետին, ով կլրացնի N100 ձևը, նա սահմանելու է հիվանդության ախտորոշումը, դեղորայքի ամենօրյա չափաբաժինը:
2․ Բժիշկը կլրացնի դեղատոմսը, որում էլ նշված է դեղի միջազգային, ոչ վերարտադրողական անվանումը:
3. Քաղաքացին N100 ձևը, դեղատոմսը և անձը հաստատող փաստաթուղթը պետք է ներկայացնի սոցիալական ծառայությունների գործակալության ցանկացած մասնաճյուղ, որտեղ էլ նրան կգրանցեն ծրագրի մեջ:
4․ Սոցիալական ծառայությունների գործակալություն դիմելուց և գրանցվելուց հետո քաղաքացին պետք է դիմի PSP-ի դեղատան յուրաքանչյուր մասնաճյուղ, որտեղից էլ կստանա դեղատոմսով ներկայացված դեղորայքը:
5․ Անձը դեղորայքները կարող է ստանալ միանգամից, ստանալով երեք ամսվա համար նախատեսված քանակը:
6․ Դեղամիջոցը կարող է վերցնել նաև անձի վստահելի մարդը, ներկայացնելով նրա անձը հաստատող փաստաթուղթը:
Այն դեպքում, եթե դեղորայքի չափաբաժինը փոխվել է, անձը նորից սոցիալական ծառայությունների գործակալությանը պետք է ներկայացնի N100 ձևը, նորից գրանցվելու համար։
Եթե հիվանդի ընտանիքի վարկանիշը 100,000 բալից ավելի է նա այլևս չի կարողանա օգտվել այս ծրագրից։
Դեղորայքի ցանկի մասին տեղեկանալու համար կարող եք դիմել Ախալքալքի սոցիալական ծառայության գործակալություն կամ Ախալքալաքի հոսպիտալ։
Գայանե Ակոջյան