Նոյեմբերի 4-ից Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում կսկսվեն գրիպի անվճար պատվաստումները բոլոր ցանկացողների համար:

Պետական ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում մոտ մեկ շաբաթ է իրականացվում է գրիպի դեմ պատվաստում: Մինչև նոյեմբերի 4-ը կարող էին անվճար պատվաստվել ռիսկային խմբի մարդիկ, որոնք ունեն հիվանդության բարդությունների բարձր ռիսկ, այդ թվում՝ բժիշկները։

Քանի որ պատվաստանյութն այս տարի ուշացումով է ստացվել, այդ պատճառով մունիցիպալիտետում պատվաստումն ուշ է սկսվել։ Պատվաստանյութը սկսում է գործել 4-6 շաբաթ անց և տևում է մինչև 6 ամիս։

Նոյեմբերի 4-ից Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում կսկսվեն սեզոնային գրիպի անվճար պատվաստումները բոլոր ցանկացողների համար։ Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքով, դեղորայքը լավն է և շատ հակացուցումներ չունի:

Գայանե Ֆիդանյանն ասում է, որ թեև մունիցիպալիտետում պատվաստումը սկսվել է ուշացումով, սակայն իմունիզացիա կարելի է անել և հիմա, քանի որ մեզ մոտ գրիպի պիկը լինում է դեկտեմբեր-հունվար ամիսներին, պայմանավորված աշխատանքային միգրանտների՝ «խոպանչիների» զանգվածային վերադարձով։