Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղի հանրային դպրոցում ապրիլի 23-ին անցկացվեց «Կոչեմ ապրողաց» խորագրով միջոցառում, որը նվիրված էր ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումը բացեց և պատմական էքսկուրս անցկացրեց պատմության ուսուցիչ և իրավաբան Սամվել Ղազարյանը, ով ներկայացրեց ցեղասպանության իրականացման ծրագրումից և նախանշաններից մինչև դրա իրագործում և հետևանքներ:
Սամվել Ղազարյանը իր ելույթի վերջում ընդգծեց մի փաստ. «Այսօր համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ է, որպեսզի հետագայում ցեղասպանություններ չկրկնվեն և չիրականացվեն որևէ ազգի նկատմամբ, որևէ տեղ և որևէ վայրում: Այն ոչ միայն հայկական այլև համամարդկային խնդիր է», – եզրափակեց նա:
Այնուհետև մոմերով և ծաղիկներով բեմ բարձրացան 5-12-րդ դասարանի աշակերտները: Նրանք թեև հուզված էին բայց կարողացան իրենց բանաստեղծություններն ու երգերը «հասցնել» դահլիճում հավաքված մարդկանց և ի խորոց սրտի խոսք ասել ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
Աշակերտների բանաստեղծությունները ցույց տվեցին հայ ժողովրդի մի պատմություն՝ ոճրագործությունից մինչև մաքառում, պայքարից մինչև հիշողություն և ի վերջո պահանջից մինչև Արարատի գագաթ:
Միջոցառման կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսյա Ուզունյանը նշեց.
«Ամեն հայի պարտքն է հիշել և պահանջել, և մենք էլ պետք է մեր հարգանքի տուրքը մատուցեինք 1915 թվականի ցեղասպանության նահատակների հիշատակին, – ասաց նա և ավելացրեց, – Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները և թե՛ դահլիճում հավաքված հասարակությունը կարծես թե կարողացան կատարել իրենց հոգու պարտքը»:
Միջոցառման վերջում ամբողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը և ձայնեց. «Հիշում եմ և պահանջում»:
Անուշիկ Ստամբոլցյան