
Վրաստանի ԿԳ նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեի հայտարարության համաձայն՝ ամբողջ Վրաստանում արդեն պատվաստվել է ուսուցիչների մոտ 40 տոկոսը:
ԿԳ նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեն՝ Մցխեթա-Մթիանեթիի պետական դատախազ Դավիթ Նոզաձեի հետ միասին, ուսումնասիրել են Մցխեթայի մունիցիպալիտետում դպրոցների ներկայացուցիչների իմունացման համար հատկացված հատուկ տեղանքը:
«Պատվաստման եկած ուսուցիչները նախարարի առաջին տեղակալի հետ զրույցի ընթացքում նշել են, որ իրենք և իրենց գործընկերները քաջ գիտակցում են պատվաստման կարևորությունը և հասկանում այն պատասխանատվությունը, որը այս հարցում կրում են կրթության ոլորտի ներկայացուցիչները: Էկատերինե Դգեբուաձեն շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և դպրոցների ներկայացուցիչներին համընդհանուր պատվաստման գործընթացին մասնակցելու համար և կրկին կոչ արեց ակտիվանալ, ժամանակին ներգրավվել իմունիզացման գործընթացում և պաշտպանելով սեփական առողջությունը` օգնել հաղթահարել համավարակը», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Դգեբուաձեի, ողջունելի է այն փաստը, որ Վրաստանում պատվաստված ուսուցիչների թիվը մոտենում է 40%-ին, գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում այդ ցուցանիշը զգալիորեն կաճի:
«Պատվաստման գործընթացը հնարավորինս դյուրացնելու համար Վրաստանի մասշտաբով գործող իմունիզացման բոլոր կենտրոններում կրթության ոլորտի ներկայացուցիչների համար լրացուցիչ հատկացվել են պատվաստասենյակներ և պատվաստող խմբեր: Կենտրոններում ցանկալի պատվաստանյութով պատվաստվելը հնարավոր է առանց նախնական գրանցման», – ասվում է տեղեկատվության մեջ: