Արդեն 14 տարի է “1+4” նախագծի շնորհիվ բազում ոչ վրացալեզու երիտասարդներ ընդունվում են Վրաստանի տարբեր համալսարաններ, սովորում իրենց ցանկացած մասնագիտությամբ։ Ինչպես նաև կան շատ նախագծեր դպրոցներում պետական լեզվի որակը բարելավելու համար, սակայն միևնույնն է տարիներ շարունակ Ջավախքում վրացերեն լեզվի իմացության մակարդակը դեռ ցածր է:
Այս մասին նշված է նաև Պետական աուդիտի ծառայության զեկույցում Վրաստանում 2019-2021 թվականներին հանրակրթության կառավարման մոդելի ստուգումներից հետո։ Թե ինչու՞ դպրոցներում եղած պետական լեզվի ուսուցման պլանը և նախագծերը չեն տալիս համապատասխան արդյունք, ինչու՞ համալսարանում սովորող երիտասարդները չեն տիրապետում վրացեցեն լեզվին, այս և այլ խնդիրների մասին խոսել ենք բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի հետ։
– Ծախսվում են շատ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որպեսզի ոչ վրացալեզու դպրոցներում վրացերենի ուսուցման մակարդակը բարձրանա, սակայն տարիները ցույց են տալիս, որ լեզվի չիմացության խնդիրը կրկին արդիական է, Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը։
Սկսենք դեռ դպրոցից, հիմնական խնդիրը դպրոցում է։ Սկսեմ խոսել ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի մասին, նրանց սխալ ընտրած ուսուցման մեթոդների վերաբերյալ, սխալ օգտագործված մեթոդների մասին։ Մեթոդը պետք է ունենա միանշանակ ձևավորված նպատակ, ճիշտ քերականության կամ լեքսիկայի հասնելու նպատակով, պետք է կատարեն տարբեր առաջադրանքներ, վարժություններ, թե ինչպիսի մեթոդ է պետք տվյալ վարժությունը նորմալ ձևավորելու և աշակերտին հասցնելու համար։ Ամենագլխավորը, սակայն, մնում է մոտիվացիան, ցածր մոտիվացիան։ Դա իմ կարծիքն է, որպես երկար տարիներ այս ոլորտում աշխատող։ Իհարկե 15 տարի առաջ և հիմա նույն մակարդակաը չէ վրացերեն լեզվի ուսուցման հարցում, քայլեր ձեռնարկած են, սակայն այդ քայլերը իրականացվում են շատ դանդաղ, չնայած այն հանգամանքին, որ պետությունը այսքան ռեսուրս է ծախսում։ Կա նաև ևս մեկ պատճառ։ Շատ երկար ժամանակ ծախսվեց ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով։ Ինչ որ հիմա ասելու եմ դրա մասին բարձրաձայն չեն խոսում, բայց ես ուզում եմ բաց խոսել այդ մասին՝ ուսուցիչները մոռացան աշակերտներին և բացարձակ իրենց ուժերը և ուշադրությունը սևեռեցին իրենց կարգավիճակի բարձրացմանը։ Իհարկե, դա տեղի չունեցավ մեկ տարում, հետո նույն բանը երկրորդ տարում, երրորդ տարում և այսպես 10 տարուց ավել է այս գործընթացում ենք, և, ով գիտի դպրոցի միջավայրը, օտար չի թվա այն, ինչը ես ասում եմ հիմա։
– Ինչո՞ւ է մոտիվացիան ցածր։
Մոտիվացիան ցածր է, քանի որ օրինակ կամ Ժվանիայի դպրոցում ստացած գիտելիքը, կամ համալսարանում սովորածը, ես անձամբ կարող եմ ասել, որ ծախսում եմ էներգիան մինչև վերջ, սակայն չունենք այն արդյունքը, ինչը պետք է ունենանք։ Ինչու՞ չունենք։ Առաջինը դա շփման միջավայրն է, այսինքն՝ այս մարդկանց այս սոցիումի մեջ պետք չի գալիս վրացերեն լեզուն, այսինքն՝ կրկին դասի ժամանակ են միայն օգտագործում վրացերենը, ոչ թե պրակտիկայում գործածելու համար։ Եվ սա ոչ պակաս լուրջ պատճառ է, որ մարդիկ չեն կարողանում սովորել։ Ժվանիայում 3 ամիս սովորած վրացերենով այստեղ սկսում են խոսելը, արձակուրդներից հետո, երբ վերադառնում են, գրեթե մոռացած են լինում։ Իմ սովորեցրածի համաձայն, որի համար գիտեմ, ինչքան էներգիա և ժամանակ եմ ծախսել, չեմ տեսնում արդյունք։ Դա գալիս է սոցիումից, չի գործածվում, քանի որ պահանջը չկա։ Եթե պրակտիկայում պետք գա, մարդիկ ավելի շատ մոտիվացիա կունենան սովորելու։ Այնպես որ պատճառներ կարող եմ շատ թվարկել, թե ինչու չենք հասնում այն նպատակին, որը երկար տարիներ է դրված է։ Եվ կրկին անգամ պետության համար պետական լեզվի ուսուցանումը մնում է առաջնահերթություն։
– Ի՞նչ կասեք “1+4” նախագծի մասին, քանի որ կան շատ երիտասարդներ, ովքեր ավարտել են համալսարաններ, սակայն կրկին թերանում են լեզվի իմացության մեջ։
“1+4” նախագծի մասին շատ փորձագետների կարծիք եմ կարդացել, իհարկե, ես միանշանակ ողջունում եմ այս նախագիծը, այն հիմնավորված է, քանի որ այս նախագիծը ոչ վրացալեզուների համար (հայերի, ադրբեջանցիների) բանալիներից մեկն է, որ այդ երիտասարդները չհեռանան պետությունից, չլինեն այլ երկրի ներկայացուցիչներ, քանի որ մենք գիտենք, որ շատերը գնում էին իրենց կրթությունը շարունակելու Հայաստան, կամ Ռուսաստան։ Հիմա տեսեք ինչումն է խնդիրը, երբ նախագծով ընդունվում են համալսարան, այստեղ մենք հանդիպում ենք տարբեր մակարդակով վրացերենի տիրապետող երիտասարդների։ Կան, որ զրոյից ենք սկսում վրացերենը, ունենք նաև՝ որ քիչ թե շատ լավ գիտեն, կան որ շատ թույլ գիտեն։ Եվ այդ մի տարին բացարձակապես չի բավականացնում, որ հետո ուսանողն արդեն առաջի կուրսում վրացերենով սովորի, օրինակ էկոնոմիկայի ֆակուլտետում շարունակի մաթեմատիկա սովորել։ 3-րդ, 4-րդ կուրսում ունենք ուսանողներ, որ վրացերենով երկու նախադասություն չեն կարող ասել, կրկին վերադառնում են Ժվանիայի դպրոց, որ խոսակցական վրացերեն սովորեն։ Իհարկե նշեմ նաև, որ այսպիսինները քիչ տոկոս են կազմում։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս նաև երկրորդ հարցը, օրինակ՝ եթե խոսենք Թբիլիսիի համալսարաններում սովորող ուսանողների մասին։ Այնտեղ էլ այստեղից գնացած երեխաներն իրենց շրջապատից դուրս չեն գալիս, լսարանում կրկին հայերի հետ են, և միայն դասախոսի հետ են շփվում վրացերենով և շփում վրացերենով չունեն, ինչն էլ խանգարող հանգամանք է։
— Ի՞նչ փոփոխություններ է պետք կատարել։
Ես կարծում եմ, որ ընդհանուր ունակությունների քննության հետ մեկտեղ, պետք է ստուգվի ընդունվող երեխաների պետական լեզվի իմացության մակարդակը, և պետք է երեխաները բաժանվեն խմբերի՝ ըստ լեզվի իմացության։ Սակայն, իհարկե, դա կապված է մեծ գումարների հետ։ Մեկ վայրում տարբեր մակարդակի իմացությամբ երեխաների վրացերենի ուսուցանումը, որ դրանից հետո էլ նրանք չորս տարի սովորեն բակալավրիատի ծրագիրը, դա հնարավոր չէ։ Դա լուրջ խնդիրներ է առաջացնում նրանց մոտ, չեն կարողանում, չեն հասցնում, մեկ տարին շատ քիչ է, և դպրոցից էլ պատրաստված չեն գալիս։ Եվ այսպես ցածր բալերով անցնում են կուրսից կուրս և վերջում ստանում ենք բավականին վատ արդյունք։
– Ինչ եք կարծում դեռ քանի՞ տարի անհրաժեշտ կլինի “1+4” նախագիծը։
Նշեմ, որ շատ հեռու ենք միանգամից վրացերեն լեզվով քննություն հանձնելուց և ընդունվելուց, այնպես ինչպես ազգությամբ վրացիներն են տալիս։ Ես դեռ խոսում եմ միայն վրացերենի քննության մասին, որը միայն քերականությունը չի ներառում, ներառում է նաև գրականություն, ինչը դպրոցներում չի դասավանդվում։ Դպրոցներում պետք է ավելի ուժեղացնեն նախագծերը, պետք է փոխվի մոտեցումը։ Դեռ շատ հեռու ենք, և դեռ շատ երկար տարիներ կպահանջվի, որպեսզի երեխաները առանց “1+4” նախագծի ընդունվեն համալսարաններ։ Այս ուղղությամբ պետք է կատարվի արմատական փոփոխություններ։
Նշենք, Միասնական ազգային քննությունների ընդհանուր ունակությունների թեստերի հիման վրա Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում «1+4» ծրագրով ընդունվել է՝
2010 թվականին՝ 247 ուսանող
2011 թվականին՝ 430 ուսանող
2012 թվականին՝ 589 ուսանող
2013 թվականին՝ 890 ուսանող
2014 թվականին՝ 673 ուսանող
2015 թվականին՝ 741 ուսանող
2016 թվականին՝ 960 ուսանող
2017 թվականին՝ 1047 ուսանող
2018 թվականին՝ 1231 ուսանող
2019 թվականին՝ 1335 ուսանող
2020 թվականին՝ 1191 ուսանող
2021 թվականին՝ 1332 ուսանող
2022 թվականին՝ 1386 ուսանող
2023 թվականի տվյալները ճշգրտվում է։
Պետական աուդիտի ծառայության զեկույցում ասվում է նաև, որ ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարել պետական լեզվի իմացության նվազագույն շեմը։
Պետական միջոցների անարդյունավետ գործածման օրինակ են բերվում վրացերենի քննությունների արդյունքները, որոնք դպրոցականները հանձնել են 2018 թ.-ին:
Սովորողների 78%-ը ձախողել է գրավոր հմտությունների նվազագույն շեմը, 57%-ը և 69,6%-ը՝ կարդալու և խոսելու հմտությունների շեմը, իսկ գրեթե 48%-ը տապալել են լսումների թեստերը:
Պետական աուդիտը նշում է, որ գործող ֆինանսավորման մոդելը չի նախատեսում դպրոցականների արդյունքների գնահատում։ Ավելին, կառավարությունը հետազոտություն չի իրականացնում ոչ վրացալեզու ոլորտի կարիքները պարզելու համար։
Էթնիկ փոքրամասնությունների ընտանիքների երեխաների համար, ըստ աուդիտի, գործում է մոտ 300 ոչ վրացալեզու հանրային դպրոց և սեկտոր (դպրոցների ընդհանուր թվի 14%-ը), ինչը համաչափ է աշակերտների թվին. դա 52 հազարն է կամ ընդհանուր թվի 10%-ը։