Ոչ բոլոր իրավաբանական անձինք (ռեստորանները, հարսանյաց տները, խանութները և այլն) են ցանկանում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հետ պայմանագիր կնքել իրենց տարածքում գտնվող աղբի տարհանման համար:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի կարծիքով, իրավաբանական անձինք աղբահանությանը լուրջ չեն վերաբերվում, նրանց մոտ «ընդունված չէ» աղբի տարհանման համար վճարել:
«Շատերը մակերեսայնորեն են այս խնդրին վերաբերվում, սովոր չեն վճարել: Ես չեմ ուզում անուններ տալ, հիմա դա դեռ անհրաժեշտ չէ», – ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Արմեն Բիչախչյանի խոսքերով, նա ցանկանում է դիմել քաղաքապետին հանձնաժողով ստեղծելու համար, որը կբացատրի կազմակերպություններին, որ նրանք պարտավոր են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հետ համաձայնագիր կնքել և տուգանել այն կազմակերպություններին ու անձանց, որոնք հրաժարվեն իրենց տարածքներից աղբի տարհանման պայմանագիր կազմելուց:
«Ես պարտավոր եմ ստորագրել պայմանագիրը, բայց պարտավորված չեմ ստիպել նրանց և պատժել», – ասում է Արմեն Բիչախչյանը:
110 իրավաբանական անձանց հետ Ախալքալաքի սպասարկման կենտրոնն աղբահանության համար պայմանագիր է կնքել:
Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի որոշմամբ, իրավաբանական անձանց համար 1 խորանարդ մետր աղբի տարհանման վճարը կազմում է 25 լարի:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով, ոմանց հետ փոխզիջման են եկել:
Օրինակ, Ախալքալաքի կենտրոնական շուկայի հետ:
Ախալքալաքի կենտրոնական շուկան նույնպես պայմանագիր չուներ Սպասարկման կենտրոնի հետ շուկայից աղբը տարհանելու համար, չնայած, ըստ Սպասարկման կենտրոնի տնօրենի, նրանք շուկայում գտնվող աղբարկղերից աղբը միշտ մաքրել են:
Սակայն այժմ կա համաձայնություն, թեև պայմանագիրը դեռ չի ստորագրվել:
«Այժմ տեղերի բաշխման գործընթացը պրոցեսի մեջ է, երբ ավարտեն մենք կորոշենք աղբարկղերի վերջնական տեղը», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանն ասաց, որ իրենք արդեն համաձայնության են եկել և օրերս կստորագրեն պայմանագիրը:
Շուշան Շիրինյան