Ախալքալաքի մունիցիպալիտետում խոշոր եղջերավոր անասունների բրուցելոզով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել։ Ախալքալաքում բրուցելյոզի դեմ պլանային պատվաստումներն իրականացվում են տարին մեկ անգամ՝ աշնանը։
Ասպինձայի մունիցիպալիտետում մեկ շաբաթից ավելի է, ինչ ընտանի կենդանիների մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել։ Այն գյուղերում, որտեղ վարակը հայտնաբերվել է, անասնաբույժներն աշխատում են և հետազոտում են կենդանիներին։
JNEWS-ը հետաքրքրվեց, արդյոք Ախալքալաքի մունիցիպալիտետում հիվանդության դեպքեր եղել են, և արդյոք կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար։
Ինչպես մեզ հայտնեցին Սննդի ազգային գործակալությունից, այստեղ վարակման դեպքեր չեն գրանցվել։
«Ախալքալաքում և Նինոծմինդայում ամեն տարի պրոֆիլակտիկ պատվաստումներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա դրանք կատարվում են միայն մեզ դիմելու դեպքում, երբ հիվանդության որոշ նշաններ կան, իսկ մենք նման դեպքեր չենք ունեցել։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, կարող է կապ հաստատել մեզ հետ, մենք հետազոտություն կանցկացնենք»,- ասացին Սննդի ազգային գործակալությունից։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2023 թվականին նախատեսվում է պատվաստել շուրջ 26000 գլուխ խոշոր եղջերավոր և 9000-ից մինչև 10000 մանր եղջերավոր անասուն։ Անցած տարի՝ 2022 թվականին, մունիցիպալիտետում պատվաստվել է 24 893 գլուխ խոշոր եղջերավոր և 8076 գլուխ մանր եղջերավոր անասուն։
Նշենք, որ պետական ծրագրի համաձայն, ամեն տարի իրականացվում է սիբիրյան խոցի, բրուցելյոզի, դաբաղի, կատաղության դեմ պլանային անվճար պատվաստում։
Բրուցելոզը խրոնիկական բնույթի ամենավտանգավոր վարակիչ հիվանդություններից է ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար։ Դրան առավել վտանգված են կովերն ու ոչխարները։
Բակտերիաները կարող են ապրել հողում, ջրում, անասնակերերի մեջ, գոմաղբում, որտեղից մտնում են կենդանիների մարսողական տրակտ և ամրանում լորձաթաղանթի վրա։ Վարակումը տեղի է ունենում նաև շնչուղիներով, լորձաթաղանթի միջոցով։ Հնարավոր է նույնիսկ մաշկն ախտահարել վարակված գոմաղբի, մեզի հետ շփման ժամանակ։ Կրողները արյունածուծ միջատներն են, կրծողները և վայրի կենդանիները։
Բրուցելոզով հիվանդ կենդանիների բուժում չի իրականացվում, նրանք ենթակա են սպանդի։
Բրուցելոզով մարդու վարակումը տեղի է ունենում հիմնականում շփման (հիվանդ կենդանիների, հումքի և կենդանական ծագման վարակված մթերքների հետ) կամ սննդային (վարակի փոխանցման մեխանիզմ, որի դեպքում հարուցիչը բերանի խոռոչի միջով ներթափանցում է զգայուն օրգանիզմ՝ հիմնականում սնունդը կուլ տալու ժամանակ) ճանապարհով: