Համացանցում երիտասարդների շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Երիտասարդներն իրենց անձնական էջերում իրենց կարծիքն ու բողոքն են արտահայտում այդ օրենքի դեմ, որին միացել են նաև Ջավախքի երիտասարդները: Ֆեյսբուքյան օգտատերերից շատերն իրենց էջերով գրություն են տարածում:
«Ես՝ (անուն, ազգանուն), որպես Վրաստանի քաղաքացի կտրականապես դեմ եմ Վրաստանում այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք փակում են Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհը», – այսպիսի գրառումով են կիսվում երիտասարդները:
Jnews-ը զրուցել է Տիգրան Թարզյանի հետ, ով այս մտքի հեղինակն է:
«Միտքը հանկարծակի առաջացավ՝ ելնելով այսօրվա և վերջին օրերին ստեղծված իրավիճակից: Նպատակն է, որ Սամցխե-Ջավախքում ապրող էթնիկ հայ երիտասարդները նույնպես իրենց դիրքորոշումն արտահայտեն: Այսպիսով, մենք կենտրոնից հեռու գտնվելով մեր ձայնն ենք փորձում հասցնել և ցույց տալ, որ դեմ ենք ռուսական, հակաեվրոպական կանոնակարգ ընդունելուն»:
Տիգրանի խոսքով՝ կանոնակարգի ընդունումը անընդունելի է, և չի համապատասխանում Վրաստանի քաղաքացիների շահերին: Այն իրենից ներկայացնում է վերահսկողություն հասարակական կազմակերպությունների վրա, որն էլ իր հերթին կբերի քննադատական մտքի և քաղաքական ակտիվիզմի պասիվությանը՝ ինչպես Ռուսաստանում է և այլ ավտորիտար երկրներում, որոնք այդպիսի օրենք են ընդունել իրենց երկրներում:
Վերոնշյալ գրառումը տարածողներից է նաև Արմինե Մկրտչյանը, ում կարծիքով՝ օրենքը սահմանափակում է մարդկանց ազատ խոսքի իրավունքը:
«Որպես Վրաստանի քաղաքացի կտրականապես դեմ եմ այս օրենքների ընդունմանը, քանի որ դա ավտորիտար երկրների ոճ է: Վրաստանում այդպիսի օրենք չպետք է ընդունվի, դա կազդի բոլորիս ապագայի վրա և կործանման կհասցնի դեմոկրատական բոլոր գաղափարները, որոնք առկա էին մեր երկրում»։
Իսկ Հասմիկ Պետրոսյանը կարծում է, որ այս օրենքի ընդունումը վտանգում է երիտասարդների ապագան, և կարևոր է, որ հենց երիտասարդները միավորվեն և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն:
«Օօրենքը, որը պատրաստվում են ընդունել մեզանից կխլի՝ և ազատ խոսքի, և կրթության, և դեմոկրատական երկրում ապրելու մեր իրավունքը, որի համար շատ երկար ենք ստիպված եղել պայքարել»:
Հիշեցնենք, որ «Օտարերկրյա գործակալների» փաթեթն իր մեջ երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Օրենքների նախագծերը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը ձևավորած քաղաքական գործիչներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերաիան, Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։