Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային ներկայացուցչի թափուր տեղի համար երկու տարի պարբերաբար մրցույթ հայտարարելուց հետո, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարությունը նշանակեց իր ներկայացուցչին: Ինչ աշխատանքներ է կատարելու, և թե ինչպես է գնահատում նախարարության աշխատանքը, ինչ է առաջարկում արագ ինտեգրման համար այս թեմաների շուրջ զրուցեցինք նորանշանակ նախարարության ներկայացուցչի՝ Արտյուշ Մելքոնյանի հետ:
-Դուք երբ անցաք Ձեր պարտականությունների կատարմանը և կոնկրետ ինչ քայլեր եք ձեռնարկելու:
Մարտի 15-ից սկսած համարվում եմ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարության ներկայացուցիչը Սամցխե-Ջավախքում: Իմ աշխատանքը՝ ինտենսիվ շփումն է Սամցխե-Ջավախքի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ինտեգրման համար պետք է աշխատենք նաև երիտասարդության հետ: Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ աշխատանքներ է կատարելու մեր նախարարությունը մոտակա երկու տարում, նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ, որտեղ կներկայացվեն 2015-2019թվականներին կատարվելիք հաշտեցման և ինտեգրման նոր քայլերը: Դրանց ներկայացման ժամանակ կհրավիրվեն ոչ կառավարական կազմակերպություններ, ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, տարածաշրջանում ապրող էթնիկ խմբերի ներկայացուցիչներ. ռուսներ, դուխոբորներ, հույներ, որպեսզի նրանց մոտ հարցեր առաջանալու դեպքում տրվեն պատասխաններ:
– Դուք ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
Մինչ իմ այս պաշտոնին աշխատելը ես աշխատել եմ տեղական հեռուստատեսությունում, հետո դիստրիբուցիոն ընկերությունում, ոչ կառավարական հատվածում, եղել եմ բարեգործական հիմնադրամի տնօրեն: Մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի, եղել եմ տարբեր ծրագրերի համակարգող:
– Մարդիկ տեղյա՞կ են, Ձեր աշխատանքի մասին: Ձեզ որևէ հարցով դիմում են արդյո՞ք մարդիկ, և եթե դիմում են, ապա ինչպիսի հարցերով:
Դեռ ոչ ոք չի դիմել: Հավանաբար այդ մասին տեղեկությունը դեռևս շատ տարածված չէ, սակայն դա ժամանակի ընթացքում կլինի: Այն ինչ մտնում է մեր նախարարության իրավասության մեջ, մենք պատրաստ ենք կատարելու: Ասել, լսել, եթե կան հարցեր, միջնորդել և տալ խորհրդատվություն:
-Ինչպես եք գնահատում ինտեգրման ուղղությամբ նախարարության աշխատանքը:
Նոր հայեցակարգերում, որոնք մշակում է նախարարությունը, բոլոր ոլորտների համար էլ կա մոտեցում: Օրինակ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների՝ հայ և ադրբեջանցի բանտարկյալների համար, ազատազրկման վայրերում հասանելի է իրենց մայրենի լեզվով թերթերը: Հայեցակարգը վերաբերվում է նաև մայրենի լեզվով բոլոր ԶԼՄ-ին, նախադպրոցական կրթությանը, ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքին, դպրոցներին և շատ այլնին:
-Ինչպե՞ս եք Դուք գնահատում Ջավախքի հայ բնակչության ինտեգրման մակարդակը վրացական հասարակությունում: Ինչ է անհրաժեշտ անել այդ գործընթացը արագացնելու համար:
Էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման գործում շատ գործ է արվել, և շատ գործ էլ դեռևս կա անելու:Այս հարցում առաջընթաց նկատվում է: Օրինակ 1+4 ծրագիրը դա այն է, որ երիտասարդությունը արդեն մնում է Վրաստանում և բարձրագույն կրթություն ստանալու համար չի մեկնում Հայաստան կամ Ռուսաստան, այլ բարձրագույն կրթությում ստանում է Վրաստանի ԲՈւՀ-երում:
Սա հենց ուղղակի ինտեգրում է, գումարած լեզվի իմացությունը, կրթությունը և մասնագիտությունը: Սա ազդում է նաև միգրացիայի վրա, երիտասարդությունը մնում է տեղում: Սակայն, օրինակ ինտեգրման դեռևս չմշակված հիմնախնդիր է համարվում լեզվի չիմացությունը, սակայն այս հարցում էլ կան առաջխաղացումներ: Դպրոցներում արդեն վրաց լեզվի դասավանդումը ավելի լավ մակարդակի է: Նույնպես, որ տեղում գործում է նաև Ժվանիայի դպրոցը, ինչը շատ հարմար է բնակչությանը, քանի որ անհրաժեշտություն չկա ընտանիքը թողնել և 6 ամսով մեկնել Քութաիսի:
Քրիստինե Մարաբյան