Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո աշխարհաքաղաքական և տնտեսական իրողությունների մասին Jnews-ը զրուցել է Ռոնդելի հիմնադրամի փորձագետի հետ: Ի՞նչ հետեւանքներ է թողել պատերազմը Հարավային Կովկասում, ինչպե՞ս է փոխվել Վրաստանի դերը որպես տարանցիկ երկիր՝ նոր նախագծերից և հնարավորություններից ելնելով:
Աշխարհաքաղաքական իրողություններ. Ալեքս Պետրիաշվիլի
Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո:
– Վերջերս ԼՂ-ում տեղի ունեցած պատերազմն իրական տեկտոնական փոփոխություններ առաջացրեց ողջ մեր տարածաշրջանում: Ճիշտն ասած, մեզ ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, որ այնտեղ կապույտ սաղավարտների քողի տակ, խաղաղապահների մանդատի ներքո, Ռուսաստանի Դաշնության նոր ռազմակայան է տեղակայվել: Ռուսաստանի Դաշնության 2000 հոգանոց ռազմական զորակազմը: Մենք, իհարկե, անհանգստացած էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվածից և շարունակում ենք մտահոգվել: Մենք Ադրբեջանի հետ ռազմավարական նախագծեր ունենք և պատմական բարիդրացիական հարաբերություններ ունենք մեր բարեկամ Հայաստանի հետ նույնպես: Մենք կցանկանայինք խաղաղության և բարգավաճման մեջ ապրել երկու երկրների հետ և համատեղ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք կլինեն ի շահ բարեկեցության և կբարգավաճեցնեն մեր ժողովուրդներին:
Հետևելով տնտեսական տրանսպորտա-հաղորդակցային նախագծերին, որոնք պետք է իրականացվեն համաձայնագրի արդյունքում, ես հատուկ պատրանքներ և հիմնավորումներ չունեմ, որ համոզված լինեմ, որ այդ նախագծերը մոտ ապագայում անպայման կգործարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Նկատի ունեմ տրանսպորտային միջանցքները, հաղորդակցային կապերը, որոնք պետք է միացնեն երկաթուղային հաղորդակցությունը Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Եվ իհարկե Նախիջեւանի տարածքով: Եվ իհարկե Նախիջեւանի տարածքով: Իհարկե, դա տարածաշրջանին ավելի մեծ կայունություն կբերի՝ բնականաբար դա մրցունակ կլինի այն բեռնափոխադրումների հետ համեմատ, որոնք անցնում են Վրաստանի տարածքով, բայց կարծում եմ, որ Վրաստանի տարածքով այս հիմնական տրանսպորտային գիծը դեռ որոշակի ժամանակ կպահպանվի:
Եռակողմ հարաբերություններն արդյո՞ք փոխվել են:
– Ինչ վերաբերում է եռակողմ հարաբերություններին, ապա մենք միայն ուրախ կլինենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար փոխահարաբերությունների և կապերի հաստատմանը: Ես թերահավատորեն եմ տրամադրված, կցանկանայի լավատես լինել, բայց մոտակա ժամանակներս հետկոնֆլիկտային լարվածությունը միևնույն է կլինի, կարծում եմ, որ առաջիկայում չի սպասվում լայնամասշտաբ համագործակցություն Հարավային Կովկասի 3 երկրների միջև, բայց ես կարող եմ և սխալվել:
Կփոխվի՞ արդյոք Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծիրը:
«Մենք մեծ հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունն ուժ կգտնի շարունակելու իր բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղին: Եվ Հայաստանն ինքնուրույն կլուծի այն խնդիրները, որոնք կնպաստեն հայ ժողովրդի շահերին: Կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը և երկարաժամկետ կայունությանը: Ես շատ հուսով եմ, որ Արևելյան գործընկերության շրջանակներում, այլ ձևաչափերի շրջանակներում, Հայաստանը ակտիվորեն կհամագործակցի ժողովրդավարական համայնքի, Եվրամիության հետ և հույս ունեմ նաև, որ ԱՄՆ-ի հետ՝ ԱՄՆ նոր վարչակազմի հետ, որոշակի դրական տեղաշարժեր կլինեն: Ես չեմ գտնում, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաբազաները Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության երաշխավորներն են, և դա գործնականում ցույց է տրվում: Կարծում եմ, որ ընդհակառակը, դա կարող է ավելի շատ ծառայել Հայաստանին ապակայունացնելուն, քան նրա երկարաժամկետ կայունությունն ապահովելուն:
1995-1998 թվականներին եղել է Արտաքին քաղաքականության և անվտանգության վերլուծության ծառայությունում Վրաստանի նախագահի պետական խորհրդականը: 1998 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների բաժնի պետի և ռազմաքաղաքական վարչության փոխտնօրենի: Նա նաև Ավստրիայում Վրաստանի դեսպանության, ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական առաքելության և Վիեննայի միջազգային կազմակերպությունների ավագ խորհրդականն է եղել: Համալրել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում Վրաստանի դեսպանության ավագ խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև Թուրքմենստանում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է եղել: 2012 թ-ի հոկտեմբերին նա դարձել է Վրաստանի խորհրդարանի անդամ: 2012-2014 թվականներին աշխատել է որպես Վրաստանի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար: Դեսպան Պետրիաշվիլիի քաղաքական փորձը հիմնականում կապված է «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցության հետ, որտեղ նա 2010-2012 թվականներին աշխատել է որպես քաղաքական քարտուղար, իսկ 2014-2016 թվականներին՝ գլխավոր քարտուղար:
Տնտեսական իրողություններ. Վալերի Ճեճելաշվիլի
Հարավային Կովկասում ինչպե՞ս կարող են փոխվել տնտեսական հարաբերությունները պատերազմից հետո:
– Պետք է ասեմ, որ խաղաղությունը միշտ էլ ավելի լավ է, քան պատերազմը: Եվ այն իրավիճակը, որն աստիճանաբար կայունանում է, հնարավորություններ է բացում նոր տրանսպորտային միջանցքների և կապերի համար: Այստեղ ի հայտ են գալիս երկու կարևոր միջանցքները: Առաջինը՝ Լաչինի միջանցքն է, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, որը վերահսկվում է, այսպես կոչված, ռուս խաղաղապահների կողմից: Երկրորդ միջանցքն էլ, որը պիտի կառուցվի, Հայաստանի հարավային շրջանների միջով է անցնում, սա այն միջանցքն է, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կապելու է Նախիջևանի հետ: Եվ այս միջանցքը, որը ստորագրել են պետությունների երեք ղեկավարները, վերահսկվելու է Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից: Այսինքն՝ այն սահմանապահ զորքերի կողմից, ովքեր այսօր վերահսկում են Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ:
Որքանո՞վ կարող են նոր միջանցքները մրցակից լինել տարանցիկ երկրի՝ Վրաստանի համար:
– Միջանցքն ինքնին, որը վերահսկվում է ինչ-որ մեկի կողմից, հատկապես երրորդ կողմից, թողնում է կայունության հստակ զգացում, սա առաջին հերթին: Երկրորդ, այս միջանցքը նախ պետք է կառուցել և, առաջին հերթին, կարծում եմ, որ այն կծառայի Նախիջևանի ինքնավար մարզի կարիքներին: Եվ հետո, այնտեղ լուրջ տրանսպորտային հաղորդակցություններ կառուցելու համար, ինչպիսիք այժմ անցնում են Վրաստանով՝ սա երկաթգիծն է, ավտոբանը և այլն, հարկավոր է շատ լուրջ միջոցներ ներդնել: Այդ թվում այն պատճառով, որ այնտեղ շատ բարդ աշխարհագրական պրոֆիլ է: Եվ այս պրոֆիլի երկայնքով տրանսպորտային հաղորդակցություններ տեղադրելու համար, որոնք արտաքին խաղացողների համար կծառայեն որպես տարանցիկ ուղիներ, անհրաժեշտ է քաղաքական կայունություն: Շատ լուրջ ներդրումներ և ժամանակ, որպեսզի բեռնատերերը կամ բեռներ ստացողները տեսնեն այս հնարավորությունը: Ոչ բնական է, երբ տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկվում է զինված ուժերի կողմից, հատկապես երրորդ կողմից: Փաստորեն, ստացվում է, որ այս նոր տրանսպորտային միջանցքի կայունության համար պատասխանատու է ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, այլ Ռուսաստանը: Այս պայմաններում, որքանով հնարավոր է տրանսպորտային հոսքերի վերադասավորումը և վերահասցեափոխումը, ինձ համար մնում է շատ մեծ հարց:
Իսկ եթե մի փոքր ավելի լայնամասշտաբ դիտարկենք իրավիճակը, ապա կարծում եմ ոչ մի վատ բան չկա նրանում, որ նոր միջանցքներ են ի հայտ գալիս: Սա միայն մոտիվացնում է, խթանում մրցակցությունը, և ցանկացած մրցակցություն Վրաստանին հնարավորություն կտա բարելավել տարանցիկ ծառայությունների քանակը և իջեցնել սակագները: Հետևաբար, սա պետք է հաշվի առնել և անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Վրաստանով անցնող տարանցիկ միջանցքները և երկիրն ամբողջությամբ ավելի մրցունակ և գրավիչ դառնան:
Որքանո՞վ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան համագործակցել ռազմական առճակատման հետևանքով զոհերի հիշողության և միմյանց նկատմամբ ատելության պայմաններում:
– Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է նաև ռազմական առճակատման գործոնը, անհրաժեշտ է, որ ժամանակ անցնի, որպեսզի կողմերը տածեն միմյանց նկատմամբ վստահության զգացում և այլն: Որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանն առնվազն կարողանան երկուսով լուծել բոլոր խնդիրները, որոնք կծագեն իրենց միջև: Առանց որևէ երրորդ երկրի միջամտության: Լինի դա Ռուսաստանը, թե Թուրքիան: Այս ժամանակահատվածը մոտ ժամանակներս չի լինի, գոնե ոչ առաջիկա 5 տարիների ընթացքում: Այս ժամանակահատվածով է կնքվել պայմանագիրը ռուս խաղաղապահների հետ, մենք կհետևենք նրանց ներկայությանը տարածաշրջանում: Բացի այդ, այն, ինչ կատարվում է Վրաստանի տարածքում, արդեն առաձին պատմություն է:
Վալերի Ճեճելաշվիլին 2016 թվականից Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող է: 1989-ի հոկտեմբերից հանդիսանում է դիվանագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ երկրորդ քարտուղարից մինչ Արտաքին գործերի փոխնախարար (1998-2000): Նա ֆինանսների նախարարն է եղել 2005 թ.-ին և Արտաքին գործերի առաջին փոխնախարարը (2005-2007): Նա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիիրավ դեսպան է եղել (1994-1998թ.թ.), ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում (2004-2005 թ.թ.), զբաղեցրել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) գլխավոր քարտուղարը (2007-2016 թ.թ.):
Քրիստինե Մարաբյան