Մի քանի ամիս է, ինչ Ազավրեթ գյուղում մանկապարտեզ է կառուցվում: Ըստ պայմանագրի շինարարները մինչև օգոստոսի 31-ը շենքը պետք է շահագործման հանձնեն:
Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում մինչ այս գործում էր ալտերնատիվ մանկապարտեզ, որը հիմնադրվել էր դեռևս 2007 թվականին: Ավելի քան 10 տարի գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում էին նախկին գյուղապետարանի շենք, որտեղ ընդամենը մեկ սենյակ էր հատկացված:
Այս նախակրթարանում ջեռուցումն իրականացվում էր փայտե վառարանով, այստեղ բացակայում էր ջուրը և ամենակարևորը՝ զուգարանը: Ամեն անգամ զուգարան ուզելու դեպքում երեխաներին տուն էին ուղարկում, կամ դույլ էին դնում, որպեսզի երեխան կարողանա բնական կարիքը հոգա: Իսկ նախակրթարան մտնելիս երեխաները ստիպված էին ցատկոտելով անցնել, որպեսզի հանկարծ տախտակների արանքից չգլորվեին և չհայտնվեին առաջին հարկում:
Չնայած պայմանների բացակայությանը Ազավրեթի ալտերնատիվ, այսինքն՝ կեսօրյա նախակրթարանում մաքրություն էր տիրում: Դայակների համար գերխնդիր էր մաքրության ապահովումը:
«Մեկ սենյակում 12 երեխա, պայման չկա ստիպված մի խումբ ենք ընդունել, լույս չունենք, ջուր չունենք, զուգարանը դրսում է, սարսափելի իրավիճակ է: Երեխաները ներս են մտնում իրար վրա շարված մի քանի հին և փթած տախտակների վրայով, Աստված մի արասցե, հանկարծ մեկը սայթաքեց, ապա կհայտնվի նկուղում, մոտավոր 4-5 մետր բարձրություն է»,- ասաց դայակը:
Ազավրեթ գյուղի մանկապարտեզի շինարարական աշխատանքների իրականացման տենդեր մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը: Ըստ պայմանագրի մանկապարտեզի շենքը շահագործման կհանձնվի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Նոր մանկապարտեզն ապահովված կլինի ամեն ինչով, կունենա երկու սենյակ, խոհանոց, զուգարան և այն ամենը ինչ անհրաժեշտ է սնունդով նախակրթարանի համար: Նախակրթարանի գործելու դեպքում աշխատանքով կապահովվեն 5 հոգի:
Ախալքալաքի մանկապարտեզի միավորման տնօրենի փոխանցմամբ արդեն 33 երեխայի են գրանցել, ովքեր կհաճախեն նորակառույց մանկապարտեզ:
Աղունիկ Այվազան