Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում մարդիկ ապրուստի միջոց չունեն, քանի որ չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի, չեն կարող վաճառել իրենց գյուղմթերքը:

Ագանա գյուղում ապրում է շուրջ 125 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրն այստեղ գյուղատնտեսությունն է: Այս տարի գյուղացիների խնդիրներն ավելացել են՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքների: Հիմնականում գյուղացիները մեկնում էին Ռուսաստան: Ըստ գյուղացիների, մեծամասնության համար արտերկրում սեզոնային աշխատանքը եկամտի միակ աղբյուրն էր հանդիսանում:

«Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չենք կարող իրացնել կարտոֆիլը, թեև գյուղում շատ խնդիրներ կան՝ գյուղում չկան աղբամաններ, կենտրոնական ճանապարհը մինչև վերջ լուսավորված չէ և այլն», – ասում է գյուղի բնակիչ Արտավազդ Ստեփանյանը:

1

Գյուղի մեկ այլ բնակչի` Հարությունյան Լյովայի խոսքով, այսօր բոլորի համար ամենակարևոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարող գումար վաստակել, պետությունից ոչ մի օգնություն չկա:

«Շատ բնակիչների համար խոպանը եկամտի միակ աղբյուրն է: Գյուղում փող աշխատելու ոչ մի հնարավորություն չկա: Այստեղ աշխատավարձ են ստանում միայն ուսուցիչները, իսկ թոշակառուները՝ թոշակ, մնացածը գործազուրկ են, մնացել են առանց գումարի», – ասում է նա:

Այն պայմաններում, երբ նրանք ընտանիքը պահելու ոչ մի հնարավորություն չունեն, գյուղացիները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում և տեղական իշխանություններից չեն պահանջում լուծել աղբահանության հետ կապված խնդիրները և գյուղի համար կարևոր այլ խնդիրներ:

«Անցյալ տարի աճեցված կարտոֆիլը ոչ մի կերպ չի վաճառվում, գնորդներ չկան, իսկ Թբիլիսիում այն շատ էժան է: Որտեղից գումար աշխատեմ ընտանիքս պահելու համար, երբ խոպան էլ չենք կարող գնալ», – ասում է Արարատ Քերոբյանը:

2

Ագանայում քաղաքապետի ներկայացուցիչ Արշալույս Գալստյանի խոսքով, Ախալքալաքի սպասարկման կենտրոնից իրեն տեղեկացրել են, որ այս փուլում աղբամաններ կամ աղբատար մեքենա չկա: Երբ հնարավորություն լինի, նրանք կլուծեն այս հարցը:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, իրենք այդ խնդիրը քննարկել են դեռ 2020 թվականին: Շատ գյուղերում անհրաժեշտ է տեղադրել աղբամաններ, սակայն, այս պահին Սպասարկման կենտրոնը նման հնարավորություն չունի` համապատասխան տեխնիկայի և աղբարկղերի բացակայության պատճառով:

«Մենք դեռևս միջոցներ չունենք, բայց հենց, որ մունիցիպալիտետից ֆինանսավորում լինի, գյուղերում աղբամանները կտեղադրենք», – մեկնաբանեց Արմեն Բիչախչյանը:

Բրատիսլավ Իգիթխանյան