Հերթական խոշոր քաղաքը, որը անցավ 76-ամյա Գրիշա Տեփոյանը` իր դեպի Մոսկվա ոտքով ճանապարհորդության ընթացքում, դա Վորոնեժն էր:
Գրիշա Տեփոյանը Վորոնեժ հասավ ապրիլի 21-ին: Ինչպես ինքն էր ասել «Վորոնեժի լուրեր»-ի թղթակցին, ճանապարհորդության ընթացքում նա մաշել է 3 զույգ կոշիկ:
Լրագրողներին Գրիշա Տեփոյանը պատմել է, որ գիշերում է հյուրանոցներում և ծանոթների տներում, մի անգամ նույնիսկ ապաստան են տվել Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցները: Ամեն օր նա արթնանում է առավոտյան ժամը 4-ին և հաղթահարում՝ մոտավորապես 60 կիլոմետր ճանապարհահատված:
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Կուբանի ԶԼՄ-ների հաղորդմամբ, Գրիշա Տեփոյանը եղել է Կրասնոդարում:
Գրիշա Տեփոյանը մտադիր է ոտքով հասնել մինչև Մոսկվա: Նա իր ճամփորդությունը սկսել է 2015 թվականի մարտի 23-ին Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղից:
Նա մտադիր է մայիսի 9-ին լինել Մոսկվայում և ծաղիկներ դնել Անհայտ Զինվորի հուշարձանին: Իր ճամփորդությունը Տեփոյանը նվիրում է Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-րդ ամյակին:
Գրիշա Տեփոյանը նպատակ էր դրել ոտքով անցնել այն ճանապարհը, որը պատերազմի ժամանակ անցել էին նրա հայրն ու հորեղբայրները:
Հիշեցնենք, որ Գրիշա Տեփոյանի ազգականները դեմ էին նրա այս քայլին, սակայն նա սկսեց իր մտադրության իրականացումը և արդեն հաղթահարել է ճանապարհի կեսից ավելին:
Մինչ իր ճամփորդությունն սկսելը, Տեփոյանը երկար պատրաստվել է և մարզվել: Նրա խոսքերով, նա իրեն լավ է զգում: