Այսօր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ նկարչական ցուցահանդես, որը կազմակերպել էր «Future Sun» նորաստեղծ ուսումնական կենտրոնը: Նկարների հեղինակները կենտրոն հաճախող փոքրիկներն են:
Հունիսի 17-ի ցուցահանդեսը Դիլիսկա գյուղում երկակի իմաստ ուներ:
«Ներկայացրել էինք մեր երեխաների կատարած աշխատանքները, նրանց ծնողների և համագյուղացիների դատին: Այս ցուցահանդեսի շնորհիվ մենք ազդարարեցինք նաև մեր նորաստեղծ կենտրոնի բացումը», – ասաց ուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Կարախանյանը:
Ցուցահանդեսի ընթացքում պարային տարբեր համարներով ներկայացան նաև նույն կենտրոնի «Գուգարք» պարային խմբակի սաները:
Նշենք, որ «Future Sun» ուսումնական կենտրոնը Դիլիսկա գյուղում գործում է տարեսկզբից: Կենտրոնում ուսուցանվում է նկարչություն, պար և համակարգչային դասընթացներ, որոնց ընդհանուր առմամբ հաճախում է մոտ 100 երեխա: Տնօրեն Արմեն Կարախանյանի խոսքերով, կենտրոնի հիմնական նպատակն է բարձրացնել երեխաների կրթվածության միջին մակարդակը:
Արթուր Մոսոյան