Ջավախքի տեղեկատվական կենտրոնը ստացել է Պահպանվող տարածքների գործակալության պատասխանը, Կարծախ, Դադեշ, Սուլդա, Բոզալի գյուղերի համար ջրամատակարարման ավազան կառուցելու նախագծի վերաբերյալ:
2017 թ.-ի մայիս 24-ին, jnews.ge–ին հրապարակել էր հոդված Կարծախի գյուղի ջրամատակարարման վերաբերյալ: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ծախսվել է շատ գումար և իրականացվել են ջրամատակարարման մի շարք նախագծեր, սակայն Կարծախում միևնույնն է ջուրը կրկին ձեռքով են կրում: Մենք փորձեցինք պարզել, թե ինչու իրականացված նախագծերը չտվեցին ցանկալի արդյունք, և ինչու գյուղը ջուր չունի: Այն ժամանակ, երբ մենք պարզեցինք, որ խմելու ջրի ավազանի կառուցման նախագիծը և ջրի մատակարարումը իրականացվել է Վրաստանի պահպանվող տարածքների գործակալության կողմից, մենք դիմեցինք Գործակալություն իրականացվող նախագծի մասին տեղեկություն ստանալու համար: Մայիսի սկզբին հարցում ուղարկեցինք, սակայն, քանի որ երկար ժամանակ չստացանք պատասխան, հոդվածը տպագրեցինք առանց գործակալության բացատրության:
Մեր հարցերի պատասխանը ստացանք հունիսի 15-ին: Ըստ ստացված տեղեկատվության, “Վրաստանում Ջավախքի Ազգային զբոսայգու ստեղծումը” նախագծի շրջանակներում իրականացվել է խմելու ջրի ջրամբարների վերականգնում: Աշխատանքներն իրականացվել են Կարծախ, Դադեշ, Սուլդա, Բոզալի, Փոքր Խանչալի, Ժդանովական, Սամեբա, Մյասնիկյան և Եփրեմովկա գյուղերում, ընդհանուր նախագիծը պետք է ներառեր 4000 շահառուների:
Խմելու ջրի համակարգի վերականգնման աշխատանքները իրականացվել են Վերակառուցման և զարգացման Գերմանական բանկի համաֆինանսավորմամբ: Նախագծի մոտավոր արժեքը կազմել է 450 000 եվրո:
Մեզ ուղարկված տեղեկատվության մեջ ասվում է, որ հիմնական նպատակն էր արտաքին ջրամատակարարման համակարգի շինարարությունը կամ բարեկարգումը: Նախագծի շրջանակներում կառուցվել են հիմնական օբյեկտները, վերանորոգվել մի քանի ջրամբարներ, կառուցվել ջրային քլորամաքրիչներ, ջուրը անցկացվել է աղբյուրներից դեպի գյուղ, կառուցվել հորատանցքներ, կառուցվել համապատասխան պոմպեր: Նախագծում չկար գյուղերում ներքին ջրամատակարարման համակարգի շինարարությունը:
Պահպանվող տարածքների Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ նախագծի շրջանակներում բոլոր աշխատանքները իրականացվել են ժամանակին և ըստ նախագծի: Աշխատանքների կատարման պատասխանատուն է համարվում WWF (World Wildlife Fund) Բնության պաշտպանության Համաշխարհային հիմնադրամի վրացական մասնաճյուղը:
Մեզ հայտնեցին նաև, որ 2017 թվականի հունիսի 2-ին, Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության տնօրեն Դավիթ Մարկոզաշվիլին Ջավախքի Ազգային զբոսայգու տնօրենի Թամազ Կարապետյանի հետ հանդիպել են գյուղի բնակիչներին և զրուցել նրանց հետ ջրամատակարարման մասին, արդյունքում իմանալով, որ գյուղերում ջրամատակարարումը գործում է և մարդիկ ստանում են ջուր: Նամակում նաև նշվում է, որ Պահպանվող տարածքների Գործակալությունը պատրաստ է համագործակցել Ջավախքի Տեղեկատվական կենտրոնի հետ, խնդրում է պարզաբանել, թե ինչու ենք կարծում, որ նախագիծը ձախողվել է և խնդրում է ներկայացնել կոնկրետ օրինակներ:
jnews.ge-ն հետևողական կլինի այս հարցում, և կփորձի հստակեցնել իրավիճակը: