Երեկվա ուժեղ քամին ամբողջովին քշել է նաև Բուռնաշեթ գյուղի Մշակույթի տան տանիքը:
Տարածքի պատգամավոր Սիփան Շիպակցյանի տեղեկացմամբ, Մշակույթի տան տանիքն անցած տարի էր վերանորոգվել: Նշենք, որ 2016 թվականին ևս քամին քշել էր գյուղի Մշակույթի տան տանիքը, որը հետո վերանորոգվեց 2017 թվականին:
«Ես չեմ հասկանում, թե ինչու ամբողջ գյուղի մեջ այս շենքի տանիքն է քշել: Մի տարի առաջ էին նորոգել»,- ասաց Սիփան Շիպակցյանը:
Մարտի 24-ին, Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են սեփական տների և պետական նշանակության շենքերի տանիքներ, ծառեր և էլեկտրական սյուներ: Ինչպես Jnews-ին տեղեկացրին Ախալքալաքի քաղաքապետարանից, բոլորի ահազանգերին արձագանքում են և հերթով քաղաքապետրանի աշխատակիցները գնում են դեպքի վայր և գնահատում վնասի չափը:
Աղունիկ Այվազյան