Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքները շարունակվում են։ Բոլոր գյուղերում աշխատանքների իրականացման համար տենդերներն արդեն հայտարարված են, բացառությամբ երկուսի՝ Մերենիայի եւ Բարալեթի։ Մերենիա գյուղը փոխում է ՕԳԾ-ով իր առաջնահերթությունը: Բարալեթում նույնպես առաջնահերթությունը փոխել են։

Սկզբում, Մերենիա գյուղի բնակչության հանդիպման ժամանակ, ընտրվել էր երկու աշխատանք՝ ճանապարհների հարթեցում և ջրանցքների մաքրում, սակայն, հետո Մերենիայի գյուղապետի ներկայացուցիչ Վոլոդյա Ղուշչյանի խոսքով, գյուղի բնակչությունը որոշում է փոխել առաջնահերթությունը:

«Ճանապարհները կթողնենք հետո, իսկ ջրանցքները մունիցիպալիտետը մաքրել է, իհարկե՝ ոչ ամբողջությամբ, բայց կարողացել ենք օգտագործել: Մեզ կամուրջ է հարկավոր, կամուրջ չունենք, որ անասունները գետն անցնեն և հասնեն մինչև արոտավայրեր»,- ասում է Վոլոդյա Ղուշչյանը։

Քաղաքապետի ներկայացուցչի խոսքով, նախագծողն արդեն եկել, տեղանքը տեսել է։ Մերենիա գյուղի ՕԳԾ-ով հատկացված գումարը կազմում է 16 000 լարի, և գյուղը հույս ունի, որ գումարը կբավականացնի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքով, որոշ գյուղեր արդեն ավարտել են իրենց աշխատանքները ՕԳ ծրագրով։

Մունիցիպալիտետը բոլոր աշխատանքների տենդերներն արդեն հայտարարել է, մնում է հայտարարել Մերենիա և Բարալեթ գյուղերի աշխատանքների տենդերը։

Մագդա Ամիրշադյանը կարծում է, որ աշխատանքները մինչև տարեվերջ կհասցնեն ավարտել:

Ախալքալաքի մունիցիպալիտետին այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացվել է 922 հազար լարի։ Նույնքան գումար էր հատկացվել նախորդ տարի։ Ամենից հաճախ այս ծրագրով գյուղերում իրականացվում են մարզական ենթակառուցվածքների վերականգնում-կառուցում, կամ գնում են մարզագույք, անցկացնում փողոցների լուսավորություն, խմելու ջուր, վերականգնում ոռոգման համակարգը և այլն։

Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով հատկացված ամենափոքր գումարը կազմում է 10 000 լարի, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։