Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկատվական թռուցիկներ է պատրաստել հատուկ Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի հայ-վրացական սահմանը հատողները չխախտեն Վրաստանի օրենսդրությունը:
Շուրջ 20.000 տեղեկատվական թռուցիկներ են ուղարկվել հայ-վրացական սահմանային անցակետեր, որպեսզի տրամադրվեն սահմանը հատող քաղաքացիներին:
Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ որոշ քաղաքացիները տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, ինչի հետևանքով կարող են տուգանվել, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկվել Վրաստանի ներքին օրենսդրությամբ:
Ստորև ներկայացնում ենք անթույլատրելի ապրանքների ցանկը.
• Արգելված դեղամիջոցներ
Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։ Առանց համապատասխան փաստաթղթերի վերոնշյալ նյութերն իրենց մեջ պարունակող պատրաստուկներն ու դեղամիջոցները Վրաստան տեղափոխելը համարվում է հանցագործություն՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, և օրենքով նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։
• Ծխախոտի թույլատրելի չափաքանակ
Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել։
• Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում
2018 թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։
• Զենք
Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք է ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։
• Գումարի թույլատրելի չափ
Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30․000 լարի (12․000 դոլար) չափով գումար: Դրանից ավել գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։
• Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ
Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարգրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։